Մատչելիության հղումներ

Տիգրան Հայրապետյան․ Սա փաստաբանության անկախության դեմ արված քայլ է


Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ Դատական դեպարտամենտը փորձում է ճնշել փաստաբաններին՝ դատարան մտնելիս նրանց խուզարկելու ապօրինի պահանջներ ներկայացնելով:

Հունիսի 13-ին՝ մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստից առաջ միջադեպ էր տեղի ունեցել դատարանի մուտքի առջև․ դատարանի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցները փաստաբաններից պահանջել էին ցույց տալ պայուսակների պարունակությունը, սպառնալով, որ առանց զննության թույլ չեն տալու շենք մտել: Որոշ ժամանակ անց փաստաբաններին, այնուամենայնիվ, թույլ էին տվել առանց զննության դահլիճ մտնել:

Կարգադրիչներն այսօր կրկին Տիգրան Հայրապետյանից պահանջել են ցույց տալ պայուսակի պարունակությունը դատարան մտնելուց առաջ: Փաստաբանը պետք է վերաքննիչ ատյանում մասնակցեր ընդդիմադիր մեկ այլ ընդդիմադիր գործչի՝ Կարո Եղնուկյանի բողոքի քննությանը, բայց հրաժարվել է, ինչպես, ինքն է բնորոշում՝ խուզարկությունից ու չի մտել դահլիճ:

«Ի տարբերություն երեկվա, այսօր կալանավոր չկար նիստերի դահլիճում, պետք է լինեինք ես և դատավորը, այսինքն անվտանգության հարց ընդհանրապես չկար, բայց միևնույնն է՝ այսօր միանգամից պահանջ ներկայացվեց, որ պետք է պայուսակը բացվի, որպեսզի պարունակությունը իրենք դիտեն», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանն ապօրինի է որակում Դատական դեպարտամենտի այս գործողությունները՝ պնդելով, որ փորձ է արվում ճնշել փաստաբաններին․ - «Այսինքն՝ փորձ է արվում փաստաբանությանը լռեցնել, փաստաբանությանը բերել մի դաշտ, որտեղ փաստաբանությանը պետք է ինչ-որ առումով հնազանդվի, ենթարկվի դատական դեպարտամենտին, դատախազությանը, քննչական մարմիններին: Այսինքն՝ փաստաբանությունը չլինի անկախ: Սա փաստաբանության անկախության դեմ արված քայլ է և փաստաբանին փորձում են նույնացնեն իր վստահորդի կամ իր պաշտպանյալի հետ»:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Փաստաբանների պալատը՝ շեշտելով, որ չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Բացի այդ, պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ուշադրություն է հրավիրել, որ դատական կարգադրիչները տարբերակված մոտեցում են ցուցաբերում փաստաբանների նկատմամբ, նրանց հրապարակային զննության ենթարկելով, իսկ փաստաբանի դատավարական մրցակցին՝ մեղադրողին ոչ:

Փաստաբանների պալատը միաժամանակ նշում է, որ փաստաբանը և նրա իրերը կարող են զննության ենթարկվել՝ այդպես էլ չգնահատելով՝ երեկ զննությա՞ն, թե՞ խուզարկությա՞ն փորձ է արվել:

Երեկ չի կարողացել նիստին մասնակցել նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի պաշտպանը:

«Եթե դատարանի նախագահը չի ենթարկվում զննության, նաև դատախազները չեն ենթարկվում զննության, այստեղ խտրականություն է լինում՝ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով են զննության ենթարկում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արա Ղարագյոզյանը: - «Բազմաթիվ անգամ այլ գործերով Վերաքննիչ դատարան մտել եմ՝ երբևիցե նման խնդիր չի առաջացել, երբևիցե իմ պայուսակը չի ստուգվել», - հավելեց Արարատ Խանդոյանի պաշտպանը:

Մինչդեռ, Դատական դեպարտամենտը պնդում է՝ կարգադրիչներն իրականացնում են ոչ թե խուզարկություն, այլ օրենքով սահմանված կարգով զննություն: Ընդ որում, ինչպես վստահեցրեց Դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը, զննվում են բոլորը:

Երեկ դժգոհություն էր առաջացրել նաև նիստին մասնակցել ցանկացողների անձնագրային տվյալների գրանցումը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» այս հարցով արդեն դիմել է Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ շեշտելով, որ ցուցակագրումը ոչ միայն ապօրինի է, այլև ուրիշ ենթատեքստ կարող է ունենալ:

«Քանի որ խոսքը գնում է ընդդիմադիր գործիչների դատի մասին, այստեղ տպավորություն է ստեղծվում, որ ուժային կառույցները փորձում են տեղեկություններ հավաքել այն մարդկանց շրջանակի մասին, ովքեր սատարում են Ժիրայր Սեֆիլյանին և դատավարությամբ անցնող մյուս անձանց», - «Ազատության» հետ զրույցում նշեց ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ցուցակագրման մասով դատական դեպարտամենտից միայն փոխանցեցին, որ դա իրականացվել է անվտանգության նկատառումներով: Ի դեպ, առայժմ հայտնի չէ, թե ում է փոխանցվել երեկ կազմված ցուցակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG