Մատչելիության հղումներ

Թրամփը Համբուրգում բանակցություններ կանցկացնի Պուտինի հետ. Հերբերթ ՄըքՄասթեր


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Համբուրգում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը։

Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր՝ ենթադրում է, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն ու Թրամփն այսպես թե այնպես կհանդիպեն, կշփվեն։ Հարցին, թե երկու երկրների առաջնորդների առանձին հանդիպում հնարավո՞ր է, Պեսկովը պատասխանել էր. - «Նման նախապատրաստական աշխատանքներ, ցավոք, չեն տարվում»։

Գրեթե նույնն էր ասել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր տեսակետից՝ հանդիպումը տեղի կունենա, քանի որ նախագահները միաժամանակ կգտնվեն նույն քաղաքում, նույն շենքում, նույն դահլիճում, և հավանաբար սխալ կլինի, եթե նրանք չխոսեն», - հունիսի 28-ին Կրասնոդարում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Լավրովը, հավելելով, որ «անհրաժեշտ է ձգտել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երկխոսության նորմալացման»:

Թրամփի ընտրվելուց հետո սա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների առաջին հանդիպումը կլինի, մինչ այդ երկու երկրների նախագահները միայն հեռախոսով են զրուցել՝ երեք անգամ։ Փոխարենը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այցելել էր Մոսկվա, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Վաշինգտոն։

Հավելենք, որ գագաթնաժողովը տեղի է ունենալու հուլիսի 7-9-ը Գերմանիայում։

Նշենք, որ երեկ Մոսկվայում Պուտինը հանդիպել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին։ Տարիներ շարունակ Պուտինն ու Քիսինջերը մտերիմ հարաբերություններ ունեն և հանդիպելու առիթը բաց չեն թողնում։

Թե ինչի մասին են զրուցել Ռուսաստանի նախագահն ու Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը, Կրեմլի տարածած հաղորդագրությունում չի նշվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG