Մատչելիության հղումներ

Պուտինն ու Թրամփը հավանաբար կհանդիպեն հուլիսի 7-8-ը՝ Համբուրգում. Լավրով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե ենթադրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Համբուրգում՝ Մեծ քսանյակի (G20) երկրների հուլիսի 7-8-ը անցկացվելիք գագաթնաժողովի շրջանակներում:

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է ձգտել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև երկխոսության նորմալացման»:

«Մեր տեսակետից հանդիպումը տեղի կունենա, քանի որ նախագահները միաժամանակ կգտնվեն նույն քաղաքում, նույն շենքում, նույն դահլիճում, և հավանաբար սխալ կլինի, եթե նրանք չխոսեն», - հունիսի 28-ին Կրասնոդարում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Պուտինի և Թրամփի համար մասնավորապես կարևոր է քննարկել պատերազմը Սիրիայում:

Նույն օրը ամերիկացի և եվրոպացի մի խումբ նախկին դիվանագետներ, նախկին պաշտոնյաներ, քաղաքական հարցերով փորձագետներ ԱՄՆ-ի Սենատի լսումներում զգուշացրել են, որ եվրոպական երկրների ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը չի թուլանում, և դրան հակազդելու նպատակով Վաշինգտոնն ու Բրյուսելը պետք է ավելի սերտ համագործակցեն:

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում երեկ անցկացված լսումներում Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլաս Բըրնսն ասել է. - «Կասկած չկա, որ Ռուսաստանը սիստեմատիկորեն աշխատել է՝ խարխլելու 2016 թվականի մեր նախագահական ընտրությունները, իսկ այս տարի՝ Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրությունները»:

ՆԱՏՕ-ում Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) նախկին դեսպան Վեսկո Գարչևիչն ասել է, որ Ռուսաստանը 2016 թվականին փորձել է հեղաշրջում իրականացնել իրենց երկրում:

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը Սերբիայում ռուսամետ քաղաքական ուժ էր ստեղծել՝ փորձելով խոչընդոտել ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության գործընթացը:

Ռիգայում ՆԱՏՕ-ի հիմնադրած հետազոտական կենտրոնի ղեկավար Յանիս Սարթսի խոսքով՝ «հարձակումների մասին իրազեկված երկրներն ավելի դիմացկուն են, քան նրանք, որոնք դրան ուշադրություն չեն դարձնում»:

Հիշեցնենք, որ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, ինչպես նաև կոնգրեսական այլ հանձնաժողովներ ուսումնասիրում են 2016-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG