Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները չեն բացառում, որ իշխանությունը կարող է հրաժարվել ԵՄ - Հայաստան համաձայնագրի ստորագրումից


Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կոնկրետ չպատասխանեց, թե արդյոք հնարավոր է, որ արտաքին միջամտությունների պատճառով չստորագրվի Եվրամիության - Հայաստան շրջանայակին համաձայնագիրը: Ասաց՝ կապրենք, կտեսնենք:

Հարցը տվողը «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էր, ով նաև հիշեցրեց փոխարտգործնախարարին, որ 2013-ին պաշտոնական Երևանը չստորագրեց Եվրամիության հետ բանակցված Ասոցացման համաձայնագիրը: Մոսկվայում Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունից հայաստանցիներն իմացան, որ կայացվել է որոշում միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:

ԵՄ-ն ու Հայաստանը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրել են մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում:

«Այո, նախատեսվում է, որ պետք է աշնանը ստորագրել: Արդյունքների մասին կխոսենք մյուս տարի», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Ընդդիմադիրները չեն բացառում, որ Հայաստանի իշխանությունները կարող են նաև հրաժարվել Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից՝ պատահական չհամարելով հայաստանցի պաշտոնյանների կոշտ արձագանքը Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին:

Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հիշեցնեմ, քննադատել էր Հայաստանի ընտրական գործընթացները: Առաջարկել էր փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այն քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ դարձնել «արժանահավատ», խոսել էր իրավապահ համակարգի անկախության պակասից:

Ի պատասխան իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը հորդորել էր եվրոպացի դիվանագետին «չմիջամտել երկրի ներքին խնդիրներին»:

Շավարշ Քոչարյանը կարծում է, թե ցանկացած առաջարկ պետք է քննարկել․ - «ԻՆքը շատ պարզ բաներ է ասել․ որ ընտրական գործընթացներում հանրային սեկտորը ներգրավված լինի հանձնաժողովների, եթե ես ճիշտ եմ հիշում, կազմում: Քննարկում ենք անում: Իմ գնահատականով, այո՛, հանրային սեկտորը պետք է ունենա լրացուցիչ լծակները, բայց ոչ թե ներգրավվելով հանձնաժողովների կազմում, այլ վերահսկողական: Որովհետև հանրային սեկտորը դա հարյուրավոր հասարակական կազմակերպություններ են: Ո՞րը պիտի ներգրավվի, ի՞նչ սկզբունքով․․․ կարծում եմ, այստեղ ավելի շատ չարաշահումների խնդիր կարող է լինել: Այդ տեսակետից ես ճիշտն ասած չեմ հասկանում աժիոտաժը: Ցանկացած առաջարկ պետք է քննարկել, նայել, ընդունելի՞ է, ընդունելի չի՞: Եվ առաջարկողի հետ ևս քննարկել»:

Ազգային ժողովի եվրաինտեգրման ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում փոխարտգործնախարար Քոչարյանը հայտարարեց, որ անցած տարի ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 27.5 միլիոն եվրո, որից 7 միլիոնը՝ ընտրությունների կազմակերպման համար:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջան է հասել ռուսաստանյան զենքի հերթական խմբաքանակը: Լրագրողները Քոչարյանին հարցրին, թե արդյոք դա Հայաստանի դիվանագիտության պարտությունը չէ: Փոխարտգործնախարարն արձագանքեց․ - «Արձանագրենք, որ անվտանգության հարցերում մեր մեր հույսը պետք է դնենք առաջին հերթին մեր ուժերի վրա: Սա մեկ: Երկրորդը, պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են բերել լրիվ այլ․․․ Եվ ելնելով այդ իրողությունից, մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ այլ գործընկերների հետ»:

Խոսելով Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունից՝ փոխարտգործնախարարն ասաց․ - «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք մեր հարևանի ամենաարկածախնդրային քայլերին»։

Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար, Քոչարյանի կարծիքով, պետք է լինի համապատասխան մթնոլորտ․ - «Որովհետև երբ որ կրակում են, երբ որ սադրանքներ են կազմակերպում, ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջը գնալ առաջ»:

XS
SM
MD
LG