Մատչելիության հղումներ

Մոգերինի․ Եվրամիությունը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ


ԵՄ և ՀՀ ԱԳ նախարարներ Ֆեդերիկա Մոգերինին և Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում համատեղ ասուլիսի ժամանակ, 23-ը մայիսի, 2017թ․

Եվրամիությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հայտարարել է կառույցի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում, որտեղ այսօր տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստը:

Երկկողմ հարաբերություններից բացի, Եվրամիության ու Հայաստանի արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը տարածաշրջանում: Պաշտոնական Բրյուսելը վերահաստատել է հայ-թուրքական հաշտեցմանն աջակցելու իր պատրաստակամությունը՝ կոչ անելով կողմերին ներգավվել այդ գործընթացում առանց նախապայմանների:

«Եվրամիությունն ուզում է ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Մենք արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն ենք, ամենամեծ միջազգային դոնորը, և պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, դատական համակարգի, մարդու իրավունքների ոլորտի, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Հարցեր, որոնք շատ հստակ և հրատապ են Հայաստանի քաղաքացիների համար», - հանդիպման ավարտին հայտարարել է Մոգերինին՝ հավելելով․ - «Մենք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եվրամիության համոզմամբ՝ ստատուս քվոն անկայուն է, և անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքների համաձայն: Եվրամիությունը շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները»:

Պաշտոնական Երևանն ու Բրյուսելը երկու ամիս առաջ նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր, որը, ըստ կողմերի, նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG