Մատչելիության հղումներ

Սվիտալսկի․ Հայերը շատ լավ հասկանում են, որ ինքնիշխանության սպառնալիքները այլ տեղ են թաքնված


Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

«Ուրախ եմ, որ հայերը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված և ոչ մեր բարեկամական աջակցության մեջ», - այսօր հայտարարեց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ արձագանքելով Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անցած շաբաթ հնչեցրած մեկնաբանություններին, թե ԵՄ դեսպանը փորձ է կատարել միջամտելու Հայաստանի ներքին քաղաքական հարցերին։

«Ես ինքս այնպիսի երկրից եմ, որը շատ զգայուն է չմիջամտելու և ինքնիշխանությանը վերաբերող հարցերում, մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում, մենք պետք է ընդունենք, որ կան մեխանիզմներ, կոնվենցիաներ, պայմանագրեր, աշխատանքային պայմանավորվածություններ, որոնք մյուսներին հնարավորություն են տալիս արտահայտելու իրենց կարծիքն այն մասին, թե ինչ է կատարվում այս կամ այլ երկրում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ հայերը իրենց սփյուռքի, կոսմոպոլիտ աշխարհայացքի շնորհիվ շատ լավ հասկանում են, որ ինքնիշխանությանն սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված և ոչ մեր բարեկամական աջակցության մեջ», - ասաց Սվիտալսկին:

Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ Եվրամիության դեսպանը անցած շաբաթ խիստ գնահատական էր հնչեցրել՝ առաջարկելով փոփոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այն քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ դարձնել «արժանահավատ», խոսել էր իրավապահ համակարգի անկախության պակասից, անդրադարձել ռեյտինգային համակարգի արդյունավետությանը:

Արդեն այսօր դեսպան Սվիտալսկին ընդգծեց, որ անցյալ շաբաթվա համաժողովին իր «բարեկամական ոգով հնչեցրած կարծիքում» որևէ նորություն չի եղել, և նույն տեսակետները ԵՄ-ն հայտնել է նախորդ հայտարարություններում, աշխատանքային հաղորդակցություններում և դիտորդների, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտի, պաշտոնական գնահատականներում։

«Հարցեր կան, որոնց վերաբերյալ Եվրամիությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է խոսել, և մենք միշտ դա անում ենք, որովհետև մեր հայ գործընկերները ընդունել են որոշակի պայմանավորվածություններ մեր ներգրավվածության վերաբերալ։ Շատ հարցեր բխում են Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերից։ Ի՞նչ է սա նշանակում. երբ երկու կողմերի միջև կա պայմանագրային պայմանավորվածություն, ոչ միայն մեր իրավունքն է որպես պայմանագրի կողմ, այլև իմ պարտավորությունն է խոսել դրա մասին։ Այդ շրջանակի հարցերից են, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հարցերը», - շեշտեց Հայաստանում Եվրամիության դեսպանը:

Անդրադառնալով մասնավորապես Եվրամիության կողմից Հայաստանի ընտրություններն ավելի քան 7 միլիոն եվրոյի ֆինանսավորմանը՝ Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ այդ աջակցությունը ԵՄ-ն Հայաստանի տրամադրել է Հայաստանի իշխանությունների հստակ խնդրանքից հետո և երբեք չի փորձել պարտադրել ֆինանսական աջակցություն։

«Գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը Հայաստանի ընտրություններին ավելին էր, քան պարզապես ֆինանսավորելը, ուզում եմ շեշտել, որ ֆինանսական աջակցությունը տրամադրեցինք Հայաստանի իշխանությունների հստակ խնդրանքից հետո, երբեք ոչինչ չենք պարտադրել։ Եվ եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի։ Մենք հավատում ենք, որ այն, ինչ արել ենք, կարևոր է Հայաստանի համար, որ այդ աջակցության շնորհիվ ընտրական գործընթացում որոշ առաջընթաց նկատվեց, անգամ ընտրությունների արդյունքներից շատ զայրացած քաղաքական գործիչները չեն կարող հերքել, որ նոր տեխնոլոգիաները դրական ազդեցություն ունեցան։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին, բայց եթե կան թերահավատ կարծիքներ, թե այդ աջակցությունը ցանկալի չէ, ապա մենք կհարգենք Հայաստանի ինքնիշխան որոշումը»։

Խոսելով ընտրությունների վերաբերյալ իր հնչեցրած գնահատականից հետո Հայաստանի իշխանությունների հետ ծավալված հեռակա բանավեճի մասին՝ Եվրամիության դեսպանը նշեց, որ հանրային քննարկումներում կարևոր է հետևել տարրական կաննոների․ - «Նախ հարձակում գործելուց առաջ հարկավոր է ճշտել՝ ինչ է ասվել, լսել ձայնագրությունը, դիտել տեսագրությունը և մտածել եզրակացություններ անելուց առաջ: Ապա հարկավոր է հարգել զրուցակցին»։

Եվրամիության պատվիրակությանը տարբեր խնդրանքներով դիմող Հայաստանի քաղաքացիները, ըստ Սվիտալսկիի, վերջին օրերին կապ են հաստատել իրենց հետ՝ աջակցությունը հայտնելու ԵՄ պատվիրակության գործունեությանը․ - «Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում շատ մարդիկ կան, որ հավատում են մեզ, հավատում են, որ ԵՄ-ն լավ գործ է անում Հայաստանում։ Մեզ համար այս աջակցությունը մոտիվացիայի մեծ աղբյուր է»։

«Աշնանը Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա որևէ քաղաքական գործոն բացասաբար չի ազդի», - վստահեցրեց դեսպանը՝ շեշտելով, որ խոսում է Եվրամիության տեսանկյունից․ - «Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա ես տեղյակ չեմ և կոմպետենտ չեմ մեկնաբանություն անել, թե կարող են արդյոք լինել քաղաքական մարտահրավերներ, որոնք հնարվոր է ազդեն այս ծրագրի վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG