«Դժվար է ասել, թե 2018 թվականին ինչ կլինի, բայց հավանականությունը, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժեշտ կտա մեզ, կարծում եմ շատ բարձր է», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք նախագահն իր այսօրվա հայտարարությամբ պատասխանեց, թե ով է լինելու հաջորդ վարչապետը։
Այսօր Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իր և իր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը։
Անդրադառնալով կառավարության 2017-22 թվականների ծրագրի իրագործմանը՝ նախագահը նշեց, որ թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը։
Հարցին, թե ի՞նչ ակնկալել այս հայտարարությունից, տնտեսագետը պատասխանեց. - «Կարեն Կարապետյանի նշանակվելուց հետո իհարկե որոշակի մթնոլորտ փոխվեց, խոսվեց, որ տնտեսության վիճակը լավ չէ, խոսվեց, որ չինովնիկական ապարատը ուռճացված է, թերությունների վերհանման իմաստով փոքր թվով, բայց որոշակի թափանցիկության էլեմենտներ երևացին։ Օրինակ, կառավարության ծրագրում, որն ընդունվեց, ես հաշվել եմ, որ 30 անգամ կիրառվում էր թափանցիկություն բառը, բայց անցած շաբաթ եղավ մի իրադարձություն, որը ջնջեց այդ ամբողջ մթնոլորտը, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարող է աշխատել ավելի թափանցիկ, քան նախկինը՝ խոսքը 163 հեկտար տարածքը «Սպայկա» ընկերությանը նվիրելն էր։ Այդ հարցը նիստի օրակարգ մտավ նիստը սկսվելուց րոպեներ առաջ, բացարձակ քննարկում չի եղել, դա արդեն խոսում է թափանցիկության իրական մակարդակի մասին»։