Մատչելիության հղումներ

Շենգավիթում երկու անձի սպանության քրգործի՝ երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:

Հիշեցնենք՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետևանքով երկու անձ՝ Երևանի բնակիչներ Գ. Ավետիսյանը և Մ. Մուշեղյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել: Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել էր նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի շարժառիթը, անմիջական մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պ. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին (մականունը՝ «Քյավառցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին (մականունը՝ «Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալներ Իսրայելյանի, Բանդուրյանի և Գասպարյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրանց վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։

XS
SM
MD
LG