Մատչելիության հղումներ

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական առաջին նիստը հետաձգվեց։

Դատարանի դահլիճում գտնվող 14 մեղադրյալներից և ոչ մեկը ոտքի չկանգնեց՝ ասելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին։

Մեղադրյալները նաև որոշ արտահայտություններ հնչեցրեցին դատարանի հասցեին։ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք հանցագործ չեն և իրենց արարքները Քրեական օրենսգրքով չպետք է քննվեն։

Դատարանի դահլիճում տիրող աղմուկը չդադարեց, դատավորը դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին՝ ժամը 12-ին:

Ըստ մեղադրանքի, հիշեցնենք, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլոք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իշխանությանը։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG