Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում դարձյալ ցույցեր են, այս անգամ՝ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Թրամփի առաջադրած թեկնածության առիթով


Նիլ Գորսաչ, արխիվ
Նիլ Գորսաչ, արխիվ

Գերագույն դատարանը կարևորագույն նշանակություն ունի ԱՄՆ-ի կյանքում: Հենց այս ատյանն է վճռում՝ որքանով են համահունչ դաշնային օրենքները երկրի Սահմանադրությանը:

Հարյուրավոր իրավապաշտպաններ ու ազատականներ երեկ Վաշինգտոնում բողոքի ցույց են անցկացրել Դոնալդ Թրամփի վերջին կադրային որոշման դեմ, որով նորընտիր նախագահն Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Նիլ Գորսաչի թեկնածությունը:

«Երբ դատավոր Սկալիան անցած տարի վախճանվեց , ես խոստացա, որ նախագահ ընտրվելու դեպքում կգտնեմ երկրի ամենալավ դատավորին՝ նրան փոխարինելու համար: Գորսաչը փայլուն գիտելիքներ ունի, հարգում է օրենքը, սիրում է Սահմանադրությունը և մեկնաբանում է այն բառացի»,- հայտարարել է Թրամփը։

Գերագույն դատարանը կարևորագույն նշանակություն ունի ԱՄՆ-ի կյանքում: Հենց այս ատյանն է վճռում՝ որքանով են համահունչ դաշնային օրենքները երկրի Սահմանադրությանը: Գերագույն դատարանն է որոշումներ կայացնում մահապատժի, զենք կրելու իրավունքի, նախագահի լիազորությունների ու կրոնական ազատությունների վերաբերյալ: Մինչ Գորսաչի առաջադրումը ձայներն այստեղ հաավսարաչափ էին բաշխված՝ դատավորներից 4-ը ազատական էին, չորսը՝ պահպանողական: Հիմա, պահպանողական Գորսաչի ցմահ նշանակմամբ, ուժերի հավասարակշությունը փոխվում է, պնդում են իրավապաշտպանները:

«Սահմանադրական պատասխանատվություն ծրագիր» ՀԿ ներկայացուցիչ Ադամ Հոջն ասում է՝ «Նախորդ որոշումներից դատելով՝ Գորսաչը շատ ավելի պահպանողական հայացքներ ունի: Նա կարծում է, որ, օրինակ, խոշորագույն ընկերությունները կարող են կառավարությանը խաղի կանոններ թելադրել, ինչը կասկածի տակ է դնում նրա անկախությունը»:

Արհմիութենական շարժման ակտիվիստ Մերի Հենրին ասում է՝ «Նա երբեք չի կանգնել շարքային աշխատողների կողքին, երբ վերջիններս փորձել են պաշտպանել իրենց իրավունքները, և մենք հիմա կոչ ենք անում Սենատին՝ մերժել Գորսաչի թեկնածությունը»:

Թրամփի ընդդիմախոսներն արդեն հայտարարել են, որ խոչընդոտելու են Գորսաչի հաստատմանը, ընդ որում, ոչ միայն նրա պահպանողական հայացքների պատճառով: Բանն այն է, որ Գերագույն դատարանի դատավորներից երեքը 70 անց են, և դեմոկրատները մտավախություն ունեն, որ երբ վերջիններս թոշակի գնան, Դոնալդ Թրամփն էլ ավելի կամրապնդի դիրքերը դատական այն ատյանում, որը նաև նախագահի հրամանագրերն է քննում:

Բացի այդ, դեմոկրատները պնդում են, որ հակառակորդները խլել են իրենցից դատավորի այդ տեղը: Այն ազատվել էր դեռ անցած տարի, սակայն, Սենատում ունենալով մեծամասնություն՝ հանրապետականները տապալել էին նախագահ Օբամայի առաջադրած թեկնածության քննարկումը: Հանրապետականները հիմա էլ մեծամասնություն ունեն Կոնգրեսում, սակայն, դա բավարար չէ. դատավորի նշանակման համար նրանց անհրաժեշտ է 60 ձայն՝ ներկայիս 52-ի փոխարեն:

Դեմոկրատներն արդեն զգուշացրել են՝ Գորսաչի թեկնածության հարցում լուրջ վերապահումներ ունեն: Իշխող կուսկացությունը, սակայն, զինանոցում ևս մի հզոր, այսպես կոչված՝ «միջուկային զենք» ունի, որը հնարավորություն է տալիս փոխել ընթացակարգն ու նախագահի թեկանծուներին հաստատել պարզ մեծամասնությամբ: Դոնալդ Թրամփն արդեն կուսակիցներին հորդորել է՝ անհրաժեշտության դեպքում գնալ այդ քայլին՝ 49-ամյա Նիլ Գորսաչին հաստատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG