Մատչելիության հղումներ

6 միլիարդ դոլարի պետական պարտքը Հայաստանի համար ծանր բեռ է. տնտեսագետ


Տնտեսագետ Վահագն Խաչատրյան, արխիվ
Տնտեսագետ Վահագն Խաչատրյան, արխիվ

6 միլիարդ դոլարի պետական պարտք ունենալը Հայաստանի համար ոչ միայն ծանր բեռ է, այլ նաև վտանգավոր է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ արձագանքելով իշխանությունների այն պնդումներին, թե չնայած Հայաստանի պետական պարտքը հասնում է մոտ 6 միլիարդ դոլարի, սակայն միջազգային չափանիշներով Հայաստանը գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում։

«Իրականում ծանր բեռ է, միջազգային չափորոշիչներ կարելի է վերցնել, որտեղ կարելի է գնահատել այդպես, բայց կան նաև վերլուծություններ, որը կատարվում է ոչ իմ կողմից, այլ անկախ փորձագետների կողմից, որ Հայաստանի նման երկրներում, նաև հաշվի առնելով փաստացի իրավիճակը, սա շատ վտանգավոր է։ Ինձ շատ ավելի անհանգստացնում է դա, որ ֆինանսների նախարարը և իր մասնագետները, փոխանակ իսկապես ահազանգեն, շատ հանգիստ են այդ ամեն ինչը տանում և գնահատում են, որ մեղմ է», - ասաց տնտեսագետը։

Նշենք, որ երեկ խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի կատարման քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծեց, որ Հայաստանը պարտքի վճարունակության հետ կապված էական խնդիրներ չունի․ - «Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև ենք գտնվում: Դեռևս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»:

Հարցին, թե իսկապե՞ս Հայաստանը խնդիրներ այդ առումով չունի և կարող է փակել այդ պետական պարտքը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. - «Եթե չունենար, էդ պարտքը թող փակեին, բյուջեն մեղմացնեին և եղած հնարավորություններով ապրեին և մտածեին, որ հաջորդ տարիներին մենք գոնե մի քիչ ռեզերվ ենք թողնում հաջորդ կառավարությունների համար՝ արտակարգ իրավիճակների համար, այն, ինչ որ տեղի ունեցավ 2008 թվականին, երբ որ համաշխարհային ճգնաժամ էր և համաշխարհային ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը պետական պարտքը ավելացնելն էր, որից և օգտվեց կառավարությունը։ Այն ժամանակ, հիշեցնեմ, որ մեկուկես միլիարդ էր՝ մոտավորապես համախառն ներքին արդյունքի 20 տոկոսի չափ էր կազմում, դա հնարավորություն տվեց դուրս գալու: Բայց Աստված ոչ անի՝ մի հատ նման իրավիճակում մենք հայտնվենք: Հիմա ես կարող եմ հարցս ուղղել իրենց այդ առումով՝ ի՞նչ է կատարվել 2016 թվականին, որ վիճակն այսպես վատացավ»։

Ֆինանսների նախարարը երեկ չբացառեց, որ պետական պարտքը կարող է նաև ավելանալ։ «Մենք ունենք դեֆիցիտային բյուջե: Եվ առաջիկա տարիներում, այո՛, անվանական առումով, մենք, որպեսզի պակասուրդը, մեր դեֆիցիտը ֆինանսավորենք, բնականաբար, պետք է պարտք վերցնենք», - ասաց Արամյանը:

Վահագն Խաչատրյանը հակադարձում է՝ նշելով, որ իշխանությունները պետք է մտածեն այդ դեֆիցիտային բյուջեն զրոյական դարձնելու մասին, մտածեն, թե ոնց ծախսերը կրճատեն կամ ավելի արդյունավետ օգտագործեն։ «Մենք 200 միլիոն դոլար փող ենք տալիս միայն պետական պարտքի սպասարկման համար՝ տարեկան», - շեշտեց Խաչատրյանը։

Ի դեպ, ըստ ֆինանսների նախարարի, 2016-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 278 միլիարդ դրամ կամ մոտ 600 միլիոն դոլար: Սակայն, ինչպես Վարդան Արամյանը շեշտեց, 2017-ին իրենք ծրագրում են դեֆիցիտը մոտ կիսով չափ կրճատել՝ հասցնելով 150 միլիարդի:

Հարցին, թե հնարավո՞ր է այդ դեֆիցիտը մոտ կիսով չափ կրճատել, տնտեսագետը պատասխանեց, որ իշխանություններն այլ ելք ուղղակի չունեն։ «Այլ ճանապարհ չկա, որովհետև դա պետական պարտքի մասին օրենքի պահանջ է, երեք տարվա միջինը երբ որ վերցնում եք՝ արդեն 3 տոկոսից ավել է դեֆիցիտը, էդ դեպքում ուղղակի եթե պետական պարտքի վերցնելու հնարավորությունները սահմանափակ են: Իսկ ինչի հաշվին է կրճատվում՝ այ դա իր հերթին վտանգ է իր մեջ ներառում», - ընդգծեց Վահագն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG