Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը չեղարկվում է


ԱՄՆ և Ռուսաստանի դրոշները, արխիվ

Կրեմլը չորեքշաբթի օրը չեղարկել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Թոմաս Շանոնի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը:

Մոսկվան այդ քայլով պատասխանել է Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանել է Ուկրաինայում ռուսների ագրեսիվ գործողությունների համար:

Ամերիկացիների նոր պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի 38 ընկերություններ են և անհատներ: Ռյաբկովը երեկ ասել է, թե «այս իրավիճակում նպատակահարմար չէ բանակցել»:

Հանդիպումը պետք է տեղի ունենար վաղը Սանկտ Պետերբուրգում: Երեկ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «նոր պատժամիջոցների որոշումն ապակառուցողական է, և Մոսկվան քննարկում է դրանց պատասխանելու տարբերակները»:

Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը հունիսի 8-ին ասել էր, որ Շանոնը և Ռյաբկովը պետք է քննարկեն «Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա կնճռոտ խնդիրները»: Երեկ երեկոյան Նաուերթն ափսոսանք է հայտնել հանդիպումը չեղարկելու ռուսների որոշման կապակցությամբ:

Վերլուծաբանների փոխանցմամբ, ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօրվա դրությամբ շատ լարված են, թեպետ Սպիտակ տունը չի բացառում հուլիսին Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Երեկ Պեսկովն էլ է ասել, որ հանդիպումը տակավին հնարավոր է:

«Նախագահ Պուտինը և նախագահ Թրամփը մասնակցելու են Գերմանիայում Քսանյակի գագաթնաժողովին, հետևաբար, մենք չենք կարող բացառել այս կամ այն տարբերակով գագաթնաժողովում հանդիպելու հնարավորությունը», - հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դատապարտել է նոր պատժամիջոցներ սահմանելու ամերիկացիների որոշումը:

«Ափսոսանքից զատ ոչ մի այլ բան չեմ կարող հայտնել մեր ամերիկացի գործընկերների ռուսատյացության մոլուցքի մասին, այն արդեն բոլոր սահմաններն է անցում: Պորոշենկոն մինսկյան համաձայնության պարտավորությունները չի կատարում, իսկ պատժամիջոցների Ռուսաստանն է ենթարկվում», - հայտարարել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG