Մատչելիության հղումներ

Իսպանական դատախազությունը Ժոզե Մոուրինյոյին մեղադրում է հարկերից խուսափելու մեջ


«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ
«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ

Մադրիդի դատախազությունը պնդում է, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխամտածված կերպով խուսափել է հարկերից` իսպանական բյուջեին 3 միլիոն 300 հազար եվրոյի վնաս հասցնելով: Այս մասին իսպանացի դատախազները հայտարարեցին երեքշաբթի օրը` նշելով, որ Մոուրինյոն երկրի հարկային օրենսդրության մի շարք դրույթները խախտել է 2011 և 2012 թվականներին` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ աշխատելու ընթացքում:

Իսպանական դատախազությունը նաև տեղեկացրել է, որ Մոուրինյոյի կողմից հարկերից խուսափելու առթիվ երկու գործ է հարուցվել, որոնք արդեն ուղարկվել են դատարան:

Իսպանացի իրավապահները պնդում են, որ Մոուրինյոն հարկային մարմիններին չի տեղեկացրել իր կերպարը որպես ապրանքանիշ օգտագործելու դիմաց ստացված գումարների մասին` «անօրինական եկամուտ ստանալու նպատակով»:

Մոուրինյոյի շուրջ ծագած այս սկանդալը հիշեցնում է իսպանացի իրավապահների կողմից ֆուտբոլային մի շարք այլ աստղերի դեմ հարուցված քրեական գործերը: Դրանցից ամենաթարմը Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի դեմ անցած շաբաթ հարուցված գործն է, որը զգալի նմանություններ ունի Մորուինյոյին ներկայացվող մեղադրանքներին:

Ինչպես Մոուրինյոն, Ռոնալդուն ևս, ըստ իրավապահների, թաքցրել է Իսպանիայում ստացած եկամուտների զգալի մասը` ավելի քան 14 միլիոն եվրոն:

Իսպանական դատախազությունը պնդում է, որ Ռոնալդուն այդ նպատակով մի իսկական ֆինանսական օպերացիա է մշակել, որն անխափան գործել է մի քանի տարի շարունակ:

2011-ից 2014 թվականներին Ռոնալդուն իր կերպարը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունքները փոխանցել է օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված մի ընկերության, որի միակ փայատերը հենց ինքը` պորտուգալացի ֆուտբոլիստն էր:

Երբևիցե որևէ տնտեսական ակտիվություն չցուցաբերած այս ընկերությունը, իր հերթին, Ռոնալդուի կերպարը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունքը փոխանցել է Իռլանդիայի տարածքում գործող մեկ այլ ընկերության:

Այս մեխանիզմն, ըստ քննիչների, հնարավորություն է տվել Ռոնալդուին երեք տարի շարունակ թաքցնել Իսպանիայի տարածքում ստացվող եկամուտի մի զգալի մասը:

Երեկ իսպանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հայտնի է Ռոնալդուի առաջին հարցաքննության օրը. աշխարհահռչակ ֆուտբոլիստը քննիչների հարցերին կպատասխանի հուլիսի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG