Մատչելիության հղումներ

Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է հարկերից խուսափելու մեջ


Իսպանական դատախազության պնդմամբ, աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը` Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է հարկերից խուսափելու մեջ: Այս մասին Իսպանիայի դատախազությունը հայտարարեց երեքշաբթի օրը` պնդելով, որ Ռոնալդուի կողմից թույլ տրված չարաշահումների ընդհանուր ծավալը գերազանցում է 14 միլիոն եվրոն:

Դատախազության պնդմամբ, աշխարհահռչակ ֆուտբոլիստը հարկերից խուսափել է օֆշորային ընկերություն ստեղծելու միջոցով: Իսպանիայի հարկային մարմիններին հաջողվել է պարզել, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2011-2014 թվականներին իր կերպարը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունքները փոխանցել է օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված Tollin Associates ընկերությանը, որի միակ փայատերը հենց ինքը` պորտուգալացի ֆուտբոլիստն էր:

Երբևիցե որևէ տնտեսական ակտիվություն չցուցաբերած այս ընկերությունն, իր հերթին, Ռոնալդուի կերպարը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունքը փոխանցել է Իռլանդիայի տարածքում գործող մեկ այլ ընկերության:

Այս մեխանիզմն, ըստ քննիչների, հնարավորություն է տվել Ռոնալդուին երեք տարի շարունակ թաքցնել Իսպանիայի տարածքում ստացվող եկամուտի մի զգալի մասը:

Մադրիդի «Ռեալ»-ը և Ռոնալդուի գործակալներն առայժմ չեն ցանկանում մեկնաբանել ծագած սկանդալը:

Մեկնաբանություններից զերծ է մնում նաև Պոտուգալիայի ազգային հավաքականը, որը վերջին մարզումներն է անցկացնում շաբաթ օրը Ռուսաստանում մեկնարկող Համադաշնությունների գավաթի մրցաշարից առաջ:

«Ռեալ»-ի ֆուտբոլիստներից միայն կիսապաշտպան Դանիլոն էր, որ հպանցիկ անդրադարձավ թիմակցին առաջադրված մեղադրանքներին: «Ես գաղափար չունեմ, թե դա ինչ պատմություն է: Հանդերձարանում մենք նման թեմաներից չեն խոսում: Ամեն դեպքում, Ռոնալդուն լավ տեսք ուներ այսօր», - լրագրողների հետ զրույցում նշում էր բրազիլացի ֆուտբոլիստը:

Եթե Ռոնալդուի դեմ հարուցված մեղադրանքներին պաշտոնապես ընթացք տրվի, ապա նա կդառնա իսպանական առաջնությունում հանդես եկող երրորդ օտարերկրացի ֆուտբոլային աստղը, որին հարկային օրենսդրության խախտման մեղադրանք է առաջադրվում:

Այս առումով առավել աղմկալի էր «Բարսելոնա»-ի առաջատար արգենտինացի Լիոնել Մեսսիի շուրջ ծագած սկանդալը, որն ավարտվեց Կատալոնիայի երկրամասային դատարանի վճռով: Դրա համաձայն՝ ավելի քան 4 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու համար Մեսսին դատապարտվեց 21 ամսվա ազատազրկման: Ֆուտբոլիստի փաստաբանները բողոքարկեցին այդ դատավճիռը Իսպանիայի գերագույն դատարանում, սակայն հաջողության չհասան: Ամեն դեպքում, աշխարհահռչակ ֆուտբոլիստը ճաղերի հետևում չի հայտնվի, քանի որ, ըստ իսպանական օրենսդրության, երկու տարուց պակաս ազատազրկում նախատեսող պատժաչափերը կարող են պայմանական բնույթ կրել:

«Բարսելոնա»-ի առաջատարներից ևս մեկին` բրազիլացի Նեյմարին նույնպես ֆինանսական մեքենայությունների մեղադրանք է ներկայացվել: Խոսքը ֆուտբոլիստի` «Սանտոս»-ից «Բարսելոնա» տրանսֆերի ընթացքում շրջանառված ստվերային գումարների մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG