Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արարատ Խանդոյանի բողոքը


Արարատ Խանդոյանը դատարանի դահլիճում, արխիվ:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Մինչ դատավորը կհրապարկեր որոշումը, գրեթե մեկ տարի ճաղերի հետևում գտնվող Խանդոյանը լրագրողներին ասաց, որ ազատ արձակվելու հույս չունի․ - «Մեղադրողը չի կարողանում ապացուցի, որ ես ինչ-որ գործողություններ եմ կատարել»:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման օրերին Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակից Արարատ Խանդոյանի կալանքի ժամկետը առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկարացրել էր անորոշ ժամանակով։ Սպասվում է, որ հունիսի 27-ին դատավորն արդեն կմտնի խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։

Այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Ղարագյոզյանը ապօրինի որակեց դատավորի որոշումը․ - «Երբ որ Արարատ Խանդոյանի քրեական գործը վարույթ է ընդունվել, դատարանը իր նախաձեռնությամբ է խափանման միջոց ընտրել, վարույթն իրականացնող մարմինը չի միջնորդել, դատարանը մեզ որոշում չի տրամադրել, մենք բողոքարկման իրավունքից ենք զրկվել և կալանքի ժամկետը երկարացվել է անորոշ ժամանակով»:

Արարատ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է: Ըստ մեղադրանքի՝ զանգվածային անկարգությունների ժամանակ Արարատ Խանդոյանը բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը: Խանդոյանը մեղքը չի ընդունում։

Փաստաբան Ղարագյոզյանն այսօր հիշեցրեց Եվրոպական դատարանի նախադեպերը՝ պնդելով, որ նույնիսկ ծանր հոդվածների պարագայում կալանքը պարտադիր չէ․ - «Միայն ծանր հոդվածով մեղադրվելը հիմք չէ անձին կալանավորելու համար: Մի շարք վճռաբեկ․․․ թե Եվրոպական դատարանը որոշումներ ունի, և հիմնավոր կասկածը բացակայում է: Ոչինչ, ժամանակը կգա, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կկայացնի Հայաստանի դեմ, էդ ժամանակ նոր դատախազության դիրքորոշումը կտեսնենք, թե ինչի մեր պետական բյուջեից այդքան գումարներ պետք է դուրս գան և փոխանցվեն ապօրինի կալանավորված անձանց»:

Մեկ ամիս առաջ Եվրոպական դատարանը վարույթ ընդունեց Խանդոյանի բողոքը: Արա Ղարագյոզյանը բողոքում նշել է, որ դատարանները արդեն մի քանի անգամ մերժել են գրավի դիմաց ազատ արձակել 11 ամիս առաջ կալանավորված Խանդոյանին՝ առանց հստակ հիմնավորումների։

Հիշեցնենք, շաբաթներ առաջ Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն «Ազատությանն» ասել էր, որ հաշվի առնելով ստրասբուրգյան դատարանի նախադեպը՝ Հայաստանի նախաքննական մարմիններն այսուհետ պետք է ցանկացած գործով ըստ էության հիմնավորեն կալանքի անհրաժեշտությունը, հակառակ պարագայում Հայաստանի դեմ կայացված բազմաթիվ վճիռներ կլինեն։

Արա Ղարագյոզանն ասում է, որ այսօրվա մերժման որոշումը ևս պատրաստվում է ուղարկել Եվրոպական դատարան։ Փաստաբանը պնդում է՝ այս գործով տուժող ճանաչված 40 ոստիկաններից և ոչ մեկը Խանդոյանին մատնացույց չի արել որպես իրեն բռնության ենթարկած անձ, բայց դատախազությունը շարունակում է իրենը պնդել․ - «Քրեական օրենսգիրքն ասում է՝ անձը պատասխանատվություն կրում է միայն անձամբ իր կատարած արարքի համար: Ո՞ւր է այդ տուժողը, որ Արարատ Խանդոյանը իրա նկատմամբ բռնություն է կիրառել կամ վահան է խլել: Դատախազությունը միայն կարող է օդի մեջ մեղադրանքներ առաջադրել: Բայց պետք է ապացուցվի այդ մեղադրանքը»:

Անցած շաբաթ դատական նիստից հետո «Ազատության» հետ զրույցում մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը ևս ընդունել էր, որ որևէ ոստիկան Խանդոյանին մատնացույց չի արել, բայց եւ պնդել էր՝ կան նրա մեղքը հաստատող այլ ապացույցներ ևս․ - «Արարատ Խանդոյանի մեղքը մենք հիմնավորել ենք ոչ միայն տուժողների ցուցմունքներով, այլև գործում առկա մի շարք ապացույցների բավարար համակցությամբ: Այդ թվում նաև՝ տեսագրության զննությամբ: Սկզբում պաշտպանական կողմը նշում էր, որ որևէ գործողություն Արարատ Խանդոյանը չի կատարել, հիմա արդեն ոնց որ քիչ-քիչ ընդունում են, որ ոտքն է բարձրացրել, ձեռքն է բարձրացրել․․․ Ամեն դեպքում, պարզ երևում է, որ ուղղվել է ոտքը դեպի ոստիկանը և կա հպում»:

Դատախազը պահանջել է Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման։

XS
SM
MD
LG