Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի բողոքը՝ նրա փաստաբանին հղած նամակում հայտնելով, որ այն քննության կառնի առաջին իսկ հնարավորության դեպքում։

Անցած ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Միայնակ գայլի» եղբոր՝ 43-ամյա Արարատ Խանդոյանի պաշտպանը Ստրասբուրգի դատարան բողոք էր ներկայացրել 3 ամիս առաջ։ Արա Ղարագյոզյանը նշել էր, որ դատարանները արդեն մի քանի անգամ մերժել են գրավի դիմաց ազատ արձակել 10 ամիս առաջ կալանավորված Խանդոյանին՝ առանց հստակ հիմնավորումների։

«Ես մեծ սպասումներ ունեմ, որ ի վերջո Եվրոպական դատարանը կկայացնի այն որոշումը, որը մեր ներպետական դատարանները չկայացրեցին, և ապօրինի որոշումներ կայացրեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարագյոզյանը:

Փաստաբանը բողոքում նաև պնդել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ խախտելով Խանդոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը․ - «Ես այն տեղեկություններն եմ ներկայացնում, որ երեք անգամ գրավի միջնորդություն ենք ներկայացրել, սակայն անհիմն ձևով մերժվել են: Միայն Մնացական Մարտիրոսյանը ասում է, որ դա պաշտպանի կարծիքն է և այդ հիմքով մերժում է: Դրանից բացի, ինչպես գիտեք, ինձ զրկել էին պաշտպանական իրավունքից: Արարատ Խանդոյանը դեմ է եղել, բայց հանրային պաշտպան են ներգրավել: Սա պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է»:

Կալանավորման սկզբում, երբ դեռ գործը չէր հասել դատարան, գործը քննած Հատուկ քննչական ծառայությունը պնդում էր, որ Խանդոյանը ծանր հանցագործություն է գործել, և ազատության մեջ հայտնվելով կազդի նախաքննության վրա։

Դատարանում արդեն մի շարք աղմկահարույց քաղաքական գործեր քննած դատավոր Մնացական Մարտիրոսյանը անորոշ ժամկետով երկարացրեց կալանքի ժամկետը՝ հիմնվելով քննիչների պնդումերի վրա, թե մեղադրյալը կարող է թաքնվել նախաքննությունից։ Նույնը դատարանում պնդել էր նաև մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը:

«Մեր առարկություններին ընդհանրապես դատարանները չէին անդրադառնում: Վերաքննիչ դատարանի դատավորը գրել էր, որ պաշտպանը չի ապացուցում, որ Արարատ Խանդոյանը, ազատության մեջ մնալով, չի դիմի փախուստի և չի խոչընդոտի քննությանը: Սակայն դատարանը մոռացել էր, որ ես պաշտպան եմ, ոչ թե վարույթն իրականացնող մարմին․ պարտավոր չենք մենք ապացուցելու», - փաստարկեց փաստաբանը:

Ըստ մեղադրանքի, ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ի պաշտպանություն զինված խմբի անդամների կազմակերպված հավաքի մասնակից Խանդոյանը բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը:

Դատախազը 4 տարվա ազատազրկում է պահանջել:

Խանդոյանը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ հենց ինքն է բռնության ենթարկվել այդ օրը: Հուլիսի 20-ին, հիշեցնենք, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին՝ բողոքի ակցիան ցրելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական պալատում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջի համաձայն, անցած 14 տարիներ ընթացքում Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի կայացրած վճիռների շարքում երկրորդ տեղում են եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ քաղաքացու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումների վերաբերյալ վճիռները։ Առաջին տեղում արդար դատաքննության իրավունքի խախտումն է:

Փաստաբան, բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը նկատում է, որ անգամ այս վիճակագրությունը դաս չի լինում, բանտերը շարունակում են գերբեռնված մնալ․ - «Պետք է նկատեմ, որ նման շատ խախտումներ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով են տեղի ունենում: Ու այդ գործերով Հայաստանի իշխանությունները ըստ էության թքած ունեն, թե մի քանի տարի հետ ինչ կլինի»:

«Հայաստանում արդարադատության խնդիր կա», - ասում է փաստաբանը՝ վկայակոչելով Հելսինկյան կոմիտեի զեկույցում տեղ գտած դատախազների պատճառաբանությունները, թե ինչու են կալանքն ընտրում որպես խափանման միջոց․ - «Նույնիսկ խոսակցություններում դատախազները անկեղծանում են, ասում են՝ սկզբից չեն ուզում խոստավանել, իսկ երբ որ կալանք են նշանակում, արդեն իրենք խոստովանում են իրենց մեղքը: Այսինքն այստեղ աղավաղված է կալանքի իմաստը, թե ինչի համար պետք է կալանքը կիրառվի»:

XS
SM
MD
LG