Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Բաքվին՝ ազատ արձակել Մուխթարլիին


Ադրբեջան - Ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին բերում են Բաքվի դատարան, 9-ը հունիսի, 2017թ․

Եվրախորհրդարանն այսօր պատրաստվում է բանաձև ընդունել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հարցով, ով մոտ երկու շաբաթ առաջ անհետացել էր Թբիլիսիից, ապա հաջորդ օրը հայտնվել Բաքվի կալանավայրում՝ մինչ այժմ անհայտ հանգամանքներում:

Ադրբեջանի իշխանությունները լրագրողին մեղադրում են սահմանը ապօրինի հատելու, մաքսանենգության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։ Կինն ու փաստաբանը, մինչդեռ, շարունակում են պնդել՝ Մուխթարլիին առևանգել են՝ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքները բացահայտելու, մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելու համար:

Լուրջ մտահոգություն հայտնելով այս պնդումների վերաբերյալ՝ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում պաշտոնական Բաքվին՝ անհապաղ ազատ արձակել Մուխթարլիին ու քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մյուս լրագրողներին: Ընդ որում, կոչը հնչում է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի՝ Բաքու կատարելիք այցի նախաշեմին, որի ընթացքում կողմերը պատրաստվում են քննարկել Եվրամիություն-Ադրբեջան ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիրը:

«Այդ փաստաթղթի առանցքում պետք է լինեն ժողովրդավարական բարեփոխումները, օրենքի գերիշխանությունն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ», - ընդգծում են եվրոպացի պատգամավորները՝ զգուշացնելով, որ բանակցությունները չպետք է շարունակվեն, քանի դեռ Ադրբեջանն առաջընթաց չի արձանագրել այդ ուղղությամբ:

Փաստաթուղթը Ստրասբուրգում քննարկման է դրվում գործում ի հայտ եկած մի շարք աղմկահարույց մանրամասների ֆոնին: Նախօրեին, մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Նասիրովը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ոչ միայն արդարացրել է լրագրողի ազատազրկումը, այլև, ըստ էության, փաստել, որ նա ճաղերի հետևում է հայտնվել վրացի իրավապահների հետ համագործակցության արդյունքում:

«Վրաստանում հակաադրբեջանական ցանց է գործում, որոնց հետևում հսկայական ֆինանսական միջոցներ ու հզոր ուժեր կան կանգնած։ Նրանք հավաքագրում են մարդկանց, ինչպիսին, օրինակ, Աֆղան Մուխթարլին է, Ադրբեջանի դեմ քարոզչություն ծավալելու համար: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի հատուկ ծառայությունները վրացի գործընկերների հետ իրականացրին այս գործողությունը՝ նրան բերելով և հանձնելով Ադրբեջանի անվտանգության ուժերին», - ասել էր Նասիրովը:

Ադրբեջանի դատախազությունը շտապել է հերքել պատգամավորի այս հայտարարությունը՝ պնդելով, թե Վրաստանի իրավապահ մարմինները Մուխթարլիի ձերբակալության հետ որևէ կապ չունեն:

Պաշտոնական Բաքվի այս հավաստիացումները, սակայն, առայժմ համոզիչ չեն թվում ոչ միայն իրավապաշտպաններին, այլև եվրոպացի պատգամավորներին: Այսօր քննարկման դրվող փաստաթուղթը անդրադառնում է նաև Վրաստանին՝ կոչ անելով արագ, թափանցիկ ու մանրազնին քննություն անցկացնել՝ լրագրողի անհետացման հանգամանքները պարզելու, նրան ապօրինի Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ պնդումների իսկությունը ստուգելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG