Մատչելիության հղումներ

Բաքվում հայտնված լրագրողի հարազատները պնդում են՝ «Նրան Թբիլիսիում առևանգել ու հանձնել են Բաքվին»


Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին

Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty international-ը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն, դատապարտել են կատարվածը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողին:

Նախօրեին Թբիլիսիի կենտրոնից անհետացած ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի պատմությունը նոր թափ է ստանում: Լրագրողի հարազատներն ու իրավապաշտպանները պնդում են, թե Աֆղան Մուխտարլիին իրականում վրացի ուժայիններն են առևանգել ու ապօրինաբար արտահանձնել Ադրբեջանին:

Լրագրողը Վրաստանում ապաստան էր ստացել երեք տարի առաջ, երբ Ալիևների կոռուպցիոն գործարքները բացահայտող նյութերից հետո հայտնվել էր իշխանությունների թիրախում: Մուխտարլիի հետաքննական հոդվածներից մեկն, օրինակ, ներկայացնում էր իրավիճակը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում, փորձելով պարզել՝ որտեղ են կորչում զինվորների համար նախատեսված միսն ու այլ մթերքները: Այժմ նրա հարազատներն ու ընկերներն են փորձում հասկանալ՝ ինչպե՞ս է Մուխտարլին Թբիլիսիի կենտրոնից Ադրբեջան հասել:

«Նրա անձնագիրն այժմ իմ ձեռքում է»,- «Ազատության» «Էխո Կավկազա» ծրագրին պատմել է Աֆղանի կինը՝ Լելյա Մուստաֆաևան, փաստելով․ «Ստացվում է, որ նրան ուղղակի գերեվարել են ու հանձնել Ադրբեջանի իշխանություններին, քանի որ հենց այնպես, առանց անձնագրի հնարավոր չէ հատել Ադրբեջանի սահմանը»:

Ինքը՝ լրագրողը, փաստաբանի միջոցով որոշ մանրամասներ է փոխանցել, պնդելով, թե իրեն Թբիլիսիի կենտրոնից առևանգել է քաղաքացիական հագուստով, վրացերեն խոսող մի տղամարդ, հետո նրան են միացել այլ անծանոթներ, որոնք ոչ միայն բռնության են ենթարկել լրագրողին, այլև նրա գրպանը մոտ 10 հազար եվրո գումար խցկել: Ադրբեջանի սահմանը հատելուն պես այդ երկրի իրավապահները ձերբակալել են նրան՝ գումարի անօրինական տեղափոխման և սահմանի ապօրինի հատման մեղադրանքով: Ակնկալվում է, որ արդեն այսօր ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը Բաքվում կկանգնի դատարանի առաջ:

«Մինչ այդ նրան կապկպել ու ծեծել են, Աֆղանի ճակատին ու քթին հստակ երևում են բռնության հետքեր, աչքերի տակ արնազեղումներ կան»,- «Ազատության» ադրբեջանական ծառայությանը պատմել է փաստաբան Նեյմաթ Քարիմլին :

Ի դեպ, առևանգումից ընդամենը մի քանի օր առաջ՝ «Ջեմնյուզ» ինտենետային կայքի հետ զրույցում Մուխտարլին ասել էր, թե Վրաստանն այլևս ապահով երկիր չէ ադրբեջանցի ընդդիմադիրների համար: «Լինում է, որ քեզ բացահայտորեն ողջ օրը հետևում են, իսկ հետո դռան տակ լուսանկարներ են թողնում, որտեղ երևում է, թե որտեղ ես եղել և ինչ ես արել»,- կայքին պատմել էր այլախոհը՝ ընդգծելով․ «Վերջին կես տարում Վրաստան տեղափոխված ադրբեջանցի ակտիվիստներին՝ լրագրողներին, իրավապաշտպաններին, ձգտում են այստեղից դուրս հանել»:

«Ժամանակին մենք հպարտանում էինք Վրաստանով, հիմա ամաչում ենք»,- իր հերթին հայտարարել է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, այժմ Եվրոպայում ապաստանած Արիֆ Յունուսը, հավելելով՝ «Ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանի հատուկ ծառայությունները հանգիստ կարող են մտնել հարևան երկրի տարածք ու մարդ առևանգել»:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ սոցիալական ցանցում գրել է՝ «Ամոթ Վրաստանին, քանի դեռ պաշտոնյաները հստակ չեն բացատրել՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել»: Իսկ իշխանություններից պարզաբանումներ լսելու համար այսօր մի քանի տասնյակ վրացի լրագրողներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի առաջ: Այս մասին «Ազատության» հետ զրուցում պատմել է Թբիլիսիում գործող «Ալիք մեդիայի» գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն, դատապարտել են կատարվածը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG