Մատչելիության հղումներ

Թրամփն ու Մակրոնն իրենց աջակցությունն են հայտնել Թերեզա Մեյին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը նախօրեին զանգահարել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին և հաջողություններ մաղթել նրան՝ նոր կառավարության ձևավորման ուղղությամբ գործադրած ջանքերում:

Այս հեռախոսազանգերուը վկայում են, որ ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Փարիզը շահագրգիռ են Մեյի հետ հարաբերությունները պահպանելու հարցում, չնայած հանգամանքին, որ ՄԹ վարչապետն ուժգին քննադատության է արժանանում երկրի ընդդիմության, մասնավորապես՝ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի կողմից, ով պահանջում է գործող վարչապետի հրաժարականը:

ԱՄՆ նախագահը Թերեզա Մեյի հետ զրույցում ընդգծել է իր հանձնառությունը՝ երկու երկների միջև առկա «հատուկ հարաբերություններին», ասելով, թե պատրաստ է առաջիկա տարիներին համագործակցել նրա հետ՝ «հանուն ընդհանուր նպատակների և շահերի»:

Թերեզա Մեյն առաջին օտարերկրյա առաջնորդն էր, ով նախագահ Թրամփի պաշտոնակալությունից հետո այցելեց Սպիտակ տուն, որտեղ, ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո, վերջինս նրան անվանեց «հավատարիմ դաշնակից»:

Հունիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Թերեզա Մեյը կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը․ 650 տեղանոց համայնքների պալատում պահպանողականները ստացան 318 մանդատ՝ 12-ով պակաս, քան 2015-ին, իսկ նրանց հիմնական մրցակից լեյբորիստները 29-ով ավելացրեցին իրենց տեղերը՝ դրանց թիվը հասցնելով 261-ի:

Ակնկալվում էր, որ այսօր Թերեզա Մեյը կհայտարարի իր կաբինետում կադրային փոխատեղումների մասին: Կառավարության առանցքային դեմքերը, այդ թվում՝ արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ու ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմմոնդը կմնան իրենց պաշտոններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG