Մատչելիության հղումներ

Մեյը կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը, սակայն չի հեռանա


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, 9-ը հունիսի, 2017 թ․

Բրեքզիթյան հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքական դաշտը երեկ երկրորդ ցնցումն ապրեց. սեփական կամքով գնալով արտահերթ ընտրությունների՝ վարչապետ Թերեզա Մեյը կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը՝ դիրքերն ամրապնդելու փոխարեն անկայուն իրավիճակ ստեղծելով երկրում՝ Եվրամիության հետ սպասվող վճռորոշ բանակցությունների շեմին:

Նախնական տվյալներով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում պահպանողականները 318 մանդատ են ստացել 650 տեղանոց համայնքների պալատում՝ 12-ով պակաս, քան 2015-ին, մինչդեռ, նրանց հիմնական մրցակից լեյբորիստները 29-ով ավելացրել են տեղերը՝ դրանց թիվը հասցնելով 261-ի: «Այս արդյունքները վկայում են, որ մարդիկ փոփոխություն են ուզում»,- առավոտ վաղ հայտարարեց լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը՝ հրաժարականի կոչ անելով վարչապետին:

«Թերեզա Մեյն արտահերթ ընտրություններ նշանակեց, որովհետև ուզում էր առավել ուժեղ մանդատ ստանալ, փոխարենը կորցրեց պահպանողականների տեղերը, քվեներն ու ընտրողների վստահությունը: Կարծում եմ՝ բավական է, ժամանակն է, որ նա հրաժարական ներկայացնի՝ հնարավորություն տալով ձևավորել այնպիսի կառավարություն, որն իրապես կարտացոլի այս երկրի քաղաքացիների կամքը»,- ասել է Քորբինը BBC-ին:

Կտրուկ էր նաև 12 մանդատ ստացած Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը. «Թերեզա Մեյը պետք է ամաչի ու հրաժարական տա, եթե գոնե մեկ կաթիլ արժանապատվություն ունի»,-հայտարարել է կուսակցության ղեկավար Թիմ Ֆարրոնը:

Խորհրդարանական մեծամասնությունից զրկված, բայցև ամենաշատ ձայները հավաքած պահպանողականների առաջնորդը, մինչդեռ, ժամեր առաջ հայտարարեց՝ կմնա և նոր կառավարություն կձևավորի նոր խորհդարանում 10 մանդատ ստացած Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ:

«Մեր երկիրն ամենից առավել կայունության կարիք ունի: Ինչպես և նախկինում, այսուհետ ևս մենք կշարունակենք աշխատել մեր բարեկամ ու դաշնակից յունիոնիստների հետ: Մեր երկու կուսակցություններն ամուր կապեր ունեն տարիներ ի վեր, և սա մեզ վստահություն է ներշնչում, որ կարող ենք միասին աշխատել՝ ի շահ Միացյալ Թագավորության»,- պնդեց Թերեզա Մեյը:

Մի քանի անգամ ընգծելով, որ երկրին կայունություն է պետք՝ վարչապետն այդպես էլ չխոսեց սեփական անհաջող նախաձեռնության ու կուսակացության կորցրած մանդատների մասին: Վերլուծաբանները, մինչդեռ, փաստում են, որ Մեյի նոր կառավարությունը նախորդից ավելի թույլ է լինելու, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս ոչ միայն երկրի ներսում, այլև Բրյուսելում, որտեղ շաբաթներ անց սպասում են Մեծ Բրիտանիայի առաջնորդին՝ «Բրեքզիթի» հարցով բանակցություններ սկսելու համար:

Ընդ որում, «Բրեքզիթից» հիասթափված Եվրամիության պաշտոնյաներն ընդգծում են՝ մտադիր չեն երկար սպասել, մինչ բրիտանացիները կկարգավորեն իրենց ներքաղաքական հարցերը: «ժամանակը գնում է»,- այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան կլոդ Յունկերը, հավելելով․ «Ես խորապես հավատում եմ, որ Մեծ Բրիտանիան կմնա բաց՝ բանակցությունների համար: Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովին՝ մենք կարող ենք բանակցությունները սկսել հենց վաղն առավոտյան ինն անց կես: Սպասում ենք Լոնդոնի պատվիրակներին և հուսով ենք՝ ստիպված չենք լինի հանդիպումը կրկին հետաձգել»:

Եվրամիության առաջատար երկրի՝ Գերմանիայի կառավարությունն էլ նշել է՝ չի մեկնաբանում բրիտանական ընտրությունների արդյունքները՝ հարգանքից ու քաղաքավարությունից դրդված:

Բրիտանական մամուլում ու սոցիալական ցանցերում, մինչդեռ, մեկնաբանությունների պակաս չկա. «Իշխող կուսակցությունը երկրորդ անգամ գնաց քաղաքական արկածախնդրության՝ կանգնելով կոտրած տաշտակի առաջ»,- գրում են վերլուծաբանները՝ հիշեցնելով նախորդ վարչապետ Դեյվիդ Քեմերունի՝ «Բրեքզիթի» հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը, որից հետո նա ստիպված էր հրաժարական տալ:

Այս շարքում ամենադիպուկը, թերևս, անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերի դիտարկումն է. «Կարծում եմ՝ Թերեզա Մեյի՝ սեփական դարպասին խփած գոլն ամենագեղեցիկն էր այս մրցաշրջանի ընթացքում»,- գրել է անգլիական ֆուտբոլի երբեմնի աստղը «Թվիթերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG