Մատչելիության հղումներ

Գերմանիան չպետք է խզի կապերը Թուրքիայի հետ. Մերկել


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Չնայած առկա տարաձայնություններին` Գերմանիան չպետք է խզի կապերը Թուրքիայի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը կառավարության նիստից անմիջապես հետո:

Դրա ընթացքում գերմանացի նախարարները որոշեցին վերջնականապես հաստատել թուրքական Ինջիրլիք ռազմակայանում տեղակայված գերմանական ստորաբաժանումը դուրս բերելու և այն Հորդանանում վերատեղակայելու մասին որոշումը:

«Մենք պետք է շարունակենք բանակցել Թուրքիայի հետ: Գերմանիան և Թուրքիան փոխադարձ շահերի բավական լայն շրջանակ և սերտ տնտեսական կապեր ունեն: Այդ իսկ պատճառով քննարկումները շատ անհրաժեշտ են: Ինչ վերաբերում է մեր զինվորականների դուսրբերմանը, ապա կարծում եմ, որ դա շատ տեղայնացված խնդիր է: Մեր զինվորականները կտեղափոխվեն Հորդանան, որտեղ տվյալ պահին պայմաններն ավելի են համապատասխանում նրանց կարիքներին», - հայտարարում էր Մերկելը:

Գերմանական կառավարության այս որոշումը հաջորդեց արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի երկուշաբթի օրը Անկարա կատարած անհաջող այցին:

Թուրքիայում կայացած բանակցությունների ընթացքում գերմանական դիվանագիտության ղեկավարը փորձում էր համոզել թուրքական իշխանություններին, որպեսզի նրանք վերացնեն գերմանացի խորհրդարանականների` Ինջիրլիք այցերի արգելքը:

Հիշեցնենք՝ արդեն մեկ տարի է թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին այցելել Ինջիրլիքում տեղակայված գերմանացի զինվորականներին: Անկարան այս քայլին դիմել էր Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, ապա իրենք գերմանացի զինվորականներին դուրս կբերեն թուրքական ավիաբազայից։

«Պաշտոնական Բեռլինի համար այս հարցը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն՝ գերմանական բանակը ուղղակիորեն ենթարկվում է ոչ թե կառավարությանը, այլ՝ խորհրդարանին», - նկատում է Reuters գործակալությունը:

Գերմանական աղբյուրները առայժմ չեն հստակեցնում զինվորականների` Ինջիրլիքից դուրսբերման ժամկետները:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենի խոսքով՝ Ինջիրլիքում գտնվող գերմանական հետախուզական օդանավերի վերատեղակայումը Հորդանանում գտնվող Ալ-Ազրաք ռազմակայանում կավարտվի երկուսից երեք ամսում:

Ընդհանուր առմամբ Ինջիրլիքից Հորդանան կտեղափոխվի 280 զինծառայող, շուրջ 200 կոնտեյներ և 10 հազար տոննա տարատեսակ սարքավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG