Մատչելիության հղումներ

Գերմանիան սկսում է դուրս բերել իր զորախումբը Ինջիրլիքից


Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

Գերմանիան սկսում է դուրս բերել իր զորախումբը թուրքական Ինջիրլիքից: «Մեզ այլ բան չի մնում», - ժամեր առաջ հայտարարեց արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Գաբրիելը Անկարա էր ժամանել՝ մի վերջին անգամ հորդորելու Թուրքիայի իշխանություններին թույլ տալ Բունդեսթագի պատգամավորների մուտքը ռազմակայան, որտեղ շուրջ 250 գերմանացի զինվոր է տեղակայված: Դռնփակ բանակցությունները, սակայն, ըստ էության արդյունք չտվեցին:

«Իմ թուրք գործընկերը բացատրեց, որ այս իրավիճակում Թուրքիան չի կարող արտոնել գերմանացի օրենսդիրների մուտքը Ինջիլիք՝ ներքաղաքական պատճառներով: Ցավում եմ դրա համար: Մյուս կողմից, ես էլ խնդրեցի ըմբռնումով մոտենալ այն փաստին, որ նույն այդ՝ ներքին հարցերի պատճառով Գերմանիան էլ պետք է դուրս բերի իր զինվորներին Ինջիրլիքից: Գերմանիայում բանակը խորհրդարանին է ենթարկվում, և Բունդեսթագը հստակ պահանջում է, որ պատգամավորները կարողանան տեսակցել զինվորներին ցանկացած ժամանակ», - ասաց Զիգմար Գաբրիելը:

Գաբրիելը նշեց, որ Բեռլին վերադառնալուն պես կառավարությանն ու խորհրդարանին կներկայացնի այս այցի արդյունքները, որից հետո արդեն կսկսվի զինվորների դուրսբերումը: «Մենք՝ թուրք գործընկերների հետ, ուզում ենք, որ այս գործընթացը խաղաղ անցնի»,- հրաժեշտից առաջ հայտարարեց Գեմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, օգտագործելով դիվանագիտական լեզուն, հավաստիացրեց՝ Անկարան որևէ խնդիր չունի Գերմանիայի հետ, որն իր ամենամեծ առևտրային գործընկերն է, սակայն կան հարցեր, որոնք չեն կարող անտեսվել: Չավուշօղլուն չթաքցրեց՝ Անկարային ամենաշատը զայրացրել է Էրդողանի ավելի քան 400 ընդդիմախոսներին ապաստան տալու՝ Գերմանիայի իշխանությունների որոշումը:

«Մենք չէինք ուզենա տեսնել՝ ինչպես է բարեկամական երկիր Գերմանիան ապաստան տալիս հարյուրավոր գյուլենականների ու անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ կասկածվող զինվորականների: Նրանք, ովքեր ապաստան են հայցել, որպեսզի խուսափեն թուրքական արդարադատությունից, պետք է արտահանձնվեն», - հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը, ընդգծելով՝ «եթե Գերմանիան մեկ քայլ առաջ անի դեպի մեզ, մենք երկուսը կանենք»:

Այս պահին, սակայն, ընդառաջ քայլերի մասին որևէ ակնարկ չկա, ճիշտ հակառակը: Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գերմանական զորախումբը Ինջիրլիքից դուրս բերելու՝ Զիգմար Գաբրիելի հայտարարությունից հետո Թուրքիայի վարչապետը չեղարկել է նրա հետ նախատեսված հանդիպումը՝ պատճառաբանելով, թե խիստ ծանրաբեռնված է: Այդուամենայնիվ, առայժմ ուժի մեջ է մնում Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ով ամիսներ առաջ դեռ Գերմանիայի իշխանություններին հրապարակավ որակում էր ֆաշիստ ու նացիստ:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների միջև հարաբերություններում ակնհայտ լարվածություն սկսվեց անցած տարվանից, երբ Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տարաձայնությունները, սակայն, հասան իրենց կիզակետին այս տարի, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին: Իրավիճակն է՛լ ավելի սրվեց, երբ Բեռլինը քաղաքական ապաստան տվեց Էրդողանի հարյուրավոր ընդդիմախոսների, Անկարան էլ ձերբակալեց ծագումով թուրք գերմանացի լրագրողի՝ ահաբեկչությանը առնչություն ունենալու մեղադրանքներով:

Չնայած լրագրողին ազատ արձակելու շարունակական կոչերին՝ Թուրքիայի արտգործնախարարը այսօր կրկին պնդել է՝ նա ազատազրկվել է ահաբեկչության համար և կանգնելու է «Թուրքիայի անկախ ու արդար դատարանների առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG