Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված իր զորախումբը դուրս կբերի «պատշաճ» ձևով՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները է՛լ ավելի չծանրաբեռնելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաստատելով, որ զորախումբը դուրս է բերվելու, նա միաժամանակ նշել է, որ այդ որոշումը դեռ պետք է արժանանա գերմանական կառավարության հավանությանը չորեքշաբթի օրը:
Հիշեցնենք՝ պաշտոնական Բեռլինը և Անկարան այդպես էլ չկարողացան համաձայնության գալ վիճահարույց հարցի շուրջ: Գերմանիան պահանջում է, որպեսզի Բունդեսթագի պատգամավորները իրավունք ունենան ազատորեն այցելել բազա և ցանկացած պահի տեսակցել գերմանացի զինվորականների հետ: Սակայն մայիսին գերմանական պատվիրակությունը այդպես էլ պաշտոնական Անկարայից թույլտվություն չստացավ այցելելու ավիաբազա, ինչը Բեռլինն անընդունելի է համարում: Անարդյունք էին նաև Գերմանիայի արտգործնախարարի՝ երեկ Անկարայում վարած բանակցությունները:
Թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող՝ Հյուսիսատլանտյան դաշինքի Ինջիրլիք ռազմակայանում տեղակայված են 260 գերմանացի զինվորականներ, ովքեր զբաղվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օգտագործվող Tornado հետախուզական օդանավերի սպասարկմամբ:
Գերմանիայի արտգործնախարարն այսօր ընդգծել է, որ թուրք-գերմանական լարված հարաբերությունների պատճառը միայն Ինջիրլիքը չէ՝ «լրջագույն խնդիրներից է մարդու իրավունքների խախտումը»:
Պաշտոնական Բեռլինը տևական ժամանակ է կոշտ քննադատում է թուրքական իշխանություններին և կոչ անում ազատ արձակել Գերմանիայի քաղաքացիներին, ովքեր պահվում են Թուրքիայի բանտերում, այդ թվում՝ լրագրող Դենիզ Յուցելին, ով չորրորդ ամիսն է քննչական մեկուսարանում է: