Մատչելիության հղումներ

Արաբագետը «չի շտապում» Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները վերագրել «Իսլամական պետության»-ը


Արաբագետ, Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը չի շտապում երեկ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները վերագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Թեև, նրա խոսքով, «շատ ցանկալի կլիներ», որ դա իսկապես «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչություն լիներ, բայց Իրանն ունի այլ տեսակի ներքին խնդիրներ, որոնք կարող էին նման կերպ արտահայտվել։

«Ստանձնելը՝ ստանձնել են, հայտարարություն եղել է, բայց իրականում, թե արդյո՞ք նրանք են կանգնած այս գործողությունների հետևում, թե՝ ո՞չ, այս պահին շատ սակավ տեղեկատվություն ունենք, և եթե ժամանակագրորեն հետևենք այդ հայտարարությանը, այսինքն՝ գործողությունը դեռ ընթանում էր Թեհրանում, «Իսլամական պետություն»-ը արդեն շտապում էր պատասխանատվությունը վերցնել իր վրա, ինչը աննախադեպ է իրենց գործելաոճի մեջ։ Շատ ցանկալի կլիներ, որ այդպես լիներ, բայց Իրանն ունի այլ տեսակի ներքին խնդիրներ, որոնք կարող էին նման կերպ արտահայտվել: Դրա համար, ես չէի շտապի սա վերագրել «Իսլամական պետության»-ը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Քոչարյանը։

Հիշեցնենք, արաբական մի շարք երկրներ օրերս հայտարարեցին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ։ Քաթարը հերքում է մեղադրանքները:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս ահաբեկչական հարձակումները որևէ կերպ առնչություն ունեն Քաթարի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ, արաբագետը պատասխանեց. - «Ժամանակագրորեն բոլորը համընկնում են, կապված են ընդհանուր տրամաբանությամբ։ Երևի թե աննախադեպ էր Քաթարի հետ կատարվածը, եղել են խնդիրներ, եղել են դիվանագետների հետ կանչում, մասնավորապես՝ Սաուդիան Արաբիան, բայց սահմանը փակել, սանկցիաներ կիրառել մեկուսացման՝ սա աննախադեպ էր, բայց գտնվում էր թրամփյան վերջին այցելության տրամաբանության մեջ, որը նաև սանկցիավորել էր իր պահվածքով և իր տեքստով նման գործողություններ Քաթարի հանդեպ։ Սա է, որ ունենք այս պահի դրությամբ։ Եվ եթե ընդհանուր տրամաբանությունը պարզեց, որ սրանք փոխկապակցված են և մի կենտրոնից են հրահրված այս երևույթները, պետք է որ սրվի հարաբերություններն արդեն Սաուդյան Արաբիայի ներսում՝ շիական փոքրամասնության հետ կապված, Բահրեյնում կլարվի իրավիճակը, և, բնականաբար, Եմենում կունենանք ավելի սաստկացող իրավիճակ, այսինքն՝ այս գոտին դառնում է շատ ավելի պայթյունավտանգ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG