Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հարձակումներ Իրանում․ ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը


Իրան - «Հեղափոխության պահապանների կորպուս» էլիտար ստորաբաժանման զինծառայողները խորհրդարանի շենքի մոտ՝ առավոտյան տեղի ունեցած հարձակումից հետո, Թեհրան, 7-ը հունիսի, 2017թ․

Իրանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով առնվազն տասներկու մարդ է զոհվել, կա ավելի քան չորս տասնյակ վիրավոր: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Երկու հարձակումներն էլ տեղի են ունեցել գրեթե միաժամանակ՝ նախ Իրանի խորհրդարանի շենքում, ապա Թեհրանի ամենամարդաշատ տուրիստական վայրերից մեկում՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնիի դամբարանում:

Իրանի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ խորհրդարանի շենքի վրա հարձակվողները չեզոքացվել են: Ըստ այդ երկրի հատուկ ծառայությունների տարածած պաշտոնական հաղորդագրության՝ հաջողվել է ձերբակալել՝ մեջբերում «ահաբեկիչների ևս մի խմբի, որը նույնպես պատրաստվում էր հարձակում իրականացնել»:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախ տեղական ժամանակով առավոտյան 10:30-ի սահմաններում զինված անձինք կանացի ավանդական հագուստներով մոտեցել են խորհրդարանի շենքին, որտեղ այդ ժամանակ բաց նիստ էր ընթանում: Խորհրդարանի պահակակետի մոտ, որտեղ նրանք պետք է անվտանգության ստուգում անցնեին, զինյալները կրակ են բացել՝ վիրավորելով անվտանգության երեք աշխատակցի և մեկ այցելուի և ներխուժել խորհրդարանի շենք: Ըստ ականատեսների՝ հարձակվողները զինված էին ատրճանակներով ու Կալաշնիկովի ինքնաձիգներով:

Գրեթե 30 րոպե անց տեղի է ունեցել երկրորդ հարձակումը՝ այաթոլա Խոմեյնիի դամբարանում: Կրակոցներից այստեղ մի քանի մարդ է վիրավորվել: Հարձակվողներից մեկը սպանվել է անվտանգության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում, երկրորդ հարձակվողը փորձել է իր վրա ամրացված մահապարտի գոտին պայթեցնել դամբարանի մուտքի մոտ, սակայն սպանվել է իրավապահների կողմից: Երրորդ զինյալին ոստիկանությանը ձերբակալել է:

Հարձակման հեղինակների ինքնության մասին առ այժմ ոչինչ չի հաղորդվում, չի հստակեցվում նաև հարցը՝ ինչպես է զինված անձանց հաջողվել մոտենալ և ներխուժել Թեհրանի ամենաուժեղ վերահսկողություն ունեցող շենքերից մեկին:

Համակարգված այս հարձակումների կապակցությամբ Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին արտակարգ նիստ է հրավիրել:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին տեղի ունեցածը «աննշան միջադեպ» է որակել որը, սակայն, ցույց է տալիս, որ ահաբեկիչները ձգտում են խնդիրներ ստեղծել ու խաթարել հասարակական կարգը:

Առավելապես շիա բնակչություն ունեցող Իրանում ահաբեկչական հարձակումները հազվադեպ երևույթ են, թեև այդ Իսլամական հանրապետությունը ակտիվորեն ներգրավված է սիրիական զինված հակամարտությունում: Անցյալ տարի Իրանի կառավարությունը հայտարարել էր դավադրություն գաղտնազերծելու մասին, ըստ որի ահաբեկչական խմբավորումները ծրագրում էին հարձակումներ մահմեդականների սուրբ տոներից մեկի՝ Ռամադանի ժամանակ: Այսօրվա հարձակումները տեղի են ունենում Ռամադանի երկրորդ շաբաթվա ընթացքում:

Իրանում վերջին խոշոր ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2010 թվականին: Այդ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Ջունդալա խմբավորումը, որը երկու հզոր պայթյուն էր իրականացրել Իրանի երկու քաղաքներում՝ խլելով 27 մարդու կյանք, ևս 200 մարդ վնասվածքներ էր ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG