Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքով


Դավթաշենի կամուրջ
Դավթաշենի կամուրջ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ։

Ըստ կոմիտեի, 13-ամյա երեխայի՝ կամրջից ընկնելու հետևանքով մահանալու ահազանգն ստացվել է մայիսի 25-ին ժամը 19։25-ի սահմաններում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը երեխան իր երկու ընկերների հետ ժամը 17-ի սահմաններում գնացել է Հրազդանի կիրճ՝ միասին ժամանակ անցկացնելու, որից հետո ոտքով բարձրացել են Դավթաշենի կամրջի տակ, որտեղ 13-ամյա տղան կամրջի մետաղյա խաչաձև կոնստրուկցիաների վրայով քայլելիս վայր է ընկել կամրջից», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն տեղեկացնում է՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշենի կամուրջը և դրա հարակից տարածքների պահպանությունն ու հասարակական կարգի անվտանգության ապահովումը կառավարության որոշմամբ իրականացվում է կառավարությանն առընթեր ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից:

Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան դեպքի օրը կամրջի մետաղական կոնստրուկցիաների վրա է բարձրացել կամրջի տակ գտնվող ոստիկանական հենակետի մոտից, տևական ժամանակ տեղաշարժվել, խաղացել դրանց վրա, ապա, կորցնելով հավասարակշռությունը, վայր ընկել և մահացել:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG