Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Բրյուսելը դատապարտում են ադրբեջանցի լրագրողի առևանգումն ու ձերբակալությունը


Ի պատասխան, Բաքուն կոչ է անում՝ չմիջամտել երկրի ներքին գործերին

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում «չքաղաքականացնել» Ալիևի վարչակազմի հասցեին քննադատական հոդվածներով հայտնի լրագրողի ձերբակալությունը:

«Մենք կարծում ենք, որ ճիշտ չէ այդ հարցը քաղաքականացնելու փորձերը: Խնդիրը բացառապես իրավական հարթությունում է, և այն շրջանակները, որոնք միտումնավոր քաղաքականացնում են հարցը՝ փորձելով վնասել ադրբեջանա-վրացական հարաբերությունները, երբեք իրենց նպատակին չեն հասնի»,- մասնավորապես, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, ընդգծելով՝ Ադրբեջանին ու Վրաստանին միավորում են ավանդական բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է համատեղ հետաքրքրությունների, փոխշահավետ համագործակցության ու հարգանգի վրա:

Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված, հետագայում Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին ազատ արձակելու կոչերին են միացել նաև Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Մուխթարլիի ձերբակալության կապակցությամբ:

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ ստանձնած միջազգային հանձնառություններին համապատասխան, ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց հիմնարար ազատություններից օգտվելու համար»,- մասնավորապես, հայտարարել է Պետդեպը, հատուկ շեշտելով՝ ուշադիր հետևում են առևանգման հետաքննությանն ու կոչ անում, որ այն լինի ամբողջական, թափանցիկ և ժամանակին:

Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Բրյուսելը: «Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների, այդ թվում խոսքի ազատության իրացման սահմանափակումների վերանայումը և դրանց հետևանքով բոլոր ներգրավված անձանց ազատ արձակումը հրատապ հարց է՝ համաձայն Ադրբեջանի միջազգային պարտավորությունների»,- ասել է Եվրամիության դիվանագիտական մարմնի խոսնակ Մայա Կոսիյանիչը՝ պահանջելով «արագ, մանրամասն ու թափանցիկ» հետաքննություն:

Մինչդեռ, անգամ այս հայտարարությունների ֆոնին, բանտում գտնվող լրագրողի պաշտպանն այսօր ահազանգել է, որ ադրբեջանցի իրավապահներն իրեն արգելել են տեսակցել պաշտպանյալին: Փաստաբան Էլչին Սադիգովը կասկածներ ունի, որ կալանավորված լրագրողի նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվում, «այդ պատճառով էլ քրեական հիմնարկում արգելում են տեսակցությունը»:

Մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Աֆղան Մուխթարլին հայտնի է իր հետաքննական գործունեությամբ: Ադրբեջանական անկախ աղբյուրները նշում են, որ նա հարևան Վրաստան էր տեղափոխվել 2015 թվականին՝ Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների ֆոնին:

Նա զբաղվել է երկրի պաշտպանական գերատեսչությունում առկա կոռուպցիոն սխեմաների բացահայտմամբ: Տեղափոխվելով Վրաստան, Մուխթարլին սկսել է գաղտնազերծել այդ երկրում Ալիևների ընտանիքին պատկանող բիզնեսները: Ադրբեջանցի լրագրողի կնոջ խոսքով՝ իրենք 2015 թվականից ի վեր սպասում են Վրաստանում կեցության իրավունք ստանալուն, մինչդեռ պարբերաբար մերժում են ստանում: Պաշտոնական Թբիլիսին հիմա է առաջարկում քաղաքացիություն տրամադրել Աֆղանլիի ընտանիքի անդամներին:

Այս աղմկահարույց առևանգման և ձերբակալության ֆոնին Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, թե ելնելով ստեղծված իրավիճակից` պատրաստ են բացառության կարգով Մուխթարլիի կնոջն ու երեխաներին վրացական քաղաքացիություն տրամադրել` արագացված ընթացակարգերի կիրառմամբ:

Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան, սակայն, կտրականապես մերժել է այդ առաջարկը: «Իշխանությունները շոուներ կազմակերպելու փոխարեն, թող պարզապես պատշաճ կերպով հետաքննեն իմ ամուսնու առևանգման հանգամանքները», - հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG