Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված և հետագայում Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան, կտրականապես մերժում է պաշտոնական Թբիլիսիի` Վրաստանի քաղաքացիություն ստանալու առաջարկը:
Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին ուղղված նամակում կառավարության ղեկավարն առաջարկել էր. - «Ելնելով ստեղծված իրավիճակից` բացառության կարգով Աֆղան Մուխթարլիի կնոջն ու երեխաներին վրացական քաղաքացիություն տրամադրել` արագացված ընթացակարգերի կիրառմամբ»:
Աֆղան Մուխթարլիի կնոջը Վրաստանի բարձրագույն ղեկավարության այս առաջարկը փոխանցել էր երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին` շաբաթ երեկոյան կայացած հանդիպման ժամանակ:
«Նախարարն ինձ ասաց, որ Վրաստանի վարչապետը դիմել է նախագահին՝ մեզ քաղաքացիություն տրամադրելու առաջարկով: Ինձ համար, սակայն, դա անընդունելի է: Նախևառաջ ես չեմ ցանկանում հրաժարվել ադրբեջանական քաղաքացիությունից: Բացի այդ, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ, երբ մեկ տարի առաջ դիմեցինք վրացական իշխանություններին մեզ կեցության իրավունք տրամադրելու խնդրանքով, մերժեցին` ասելով, թե [Վրաստանի տարածքում] վտանգավոր գործերով ենք զբաղված: Ես չեմ հասկանում, թե ի՞նչ վտանգավոր գործերի մասին էին նրանք խոսում, ես լրագրող եմ, այլ ոչ թե հանցագործ», - հայտարարում էր Լեյլա Մուստաֆաևան` հատուկ ընդգծելով, որ չի ցանկանում իր ամուսնու առևանգմանը մասնակցած պետության անձնագիր ստանալ:
«Այս ամենն իրականում իսկական մի շոու է: Ես կոչ եմ անում վրացական իշխանություններին շոուներ կազմակերպելու փոխարեն, պարզապես պատշաճ կերպով հետաքննել իմ ամուսնու առևանգման հանգամանքները», - նշում էր Աֆղան Մուխթարլիի կինը:
Հավելենք նաև, որ վրացական իշխանություններն առևանգված լրագրողի կնոջն առաջարկել են պետական պահպանություն տրամադրել: Նման առաջարկով հանդես է եկել Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: