Մատչելիության հղումներ

«ՍԱՍ»-ի ժողովի գործով դեռևս մեղադրյալներ չկան


Արտապատկերում Hayastan24 կայքից, որտեղ հրապարակվել էր «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունը
Արտապատկերում Hayastan24 կայքից, որտեղ հրապարակվել էր «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությունը

Քրեական գործի հարուցումից մոտ մեկուկես ամիս անց «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության գործով մեղադրյալներ չկան: «Ազատությանը» այս մասին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով, որ հարուցված քրեական գործով հարցաքննություններ են կատարվում:

Հարուցված քրեական գործի նախաքննության մասին այլ տեղեկություններ ՀՔԾ-ն չի տրամադրում՝ նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով:

Hayastan24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի համար, և սպառնում՝ ով ձայն չբերի՝ կկորցնի աշխատանքը: «Հետքի» տեղեկություններով՝ այդ ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով մեկուկես ամիսը բավարար ժամանակ էր գործում մեղադրյալներ ներգրավվելու համար:

«Ես չէ, որ պիտի հուշեմ իրավապահ մարմիններին, թե ինչ գործողություններ պիտի անեն», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց իրավախորհրդատուն:

Գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով՝ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով: Իրավապաշտպանների կարծիքով՝ քրեական գործ պետք է հարուցվեր նաև քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փաստով: Հերիքնազ Տիգրանյանը կասկածներ ունի, որ գործը արհեստականորեն ձգձգվում է, որպեսզի հարմար պահի կարճվի՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, այստեղ գործ ունենք «քաղաքական կոռուպցիայի հետ»:

«Եթե իշխանությունը քաղաքական կամք ունենար նման զանգվածային և կազմակերպված հանցագործությունը բացահայտելու, ապա ինքնին ՍԱՍ-ի Արտակը թեկնածություն էլ չէր առաջադրի, այլ անմիջապես նրան կհեռացնեին ԱԺ պատգամավորի թեկնածուի կարգավիճակից», - նշեց իրավապաշտպանը:

Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի համար ապահովել է մոտ 12,000 ձայն։ Չնայած օրենսդիր աշխատանքը Սարգսյանին մեղմ ասած չէր գրավում՝ անցած խորհրդարանում նա ելույթներ չի ունեցել, զեկուցողներին հարցեր չի տվել, բայց Հանրապետականը նրան ցանկացավ տեսնել նաև նոր խորհրդարանում: Աղմկահարույց ձայնագրության մասին լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան Արտակ Սարգսյանը միմիայն լռել է ու ժպտացել:

XS
SM
MD
LG