Մատչելիության հղումներ

«Ես նախագահի հետ խնդիրներ չունեմ»․ Կարապետյան


«Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ հանրապետական Կարեն Կարապետյանը, արխիվ

«ՍԱՍ» գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանն այսօր ևս խուսափեց լրագրողների հետ զրույցից:

Մոսկվայաբնակ միլիարդատեր գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետայանը վստահեցնում է՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խնդիրներ չունի :

Մամուլի աչքից երեկ չէր վրիպել՝ երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախօերին ավելի քան մեկ ժամ տևած իր ուղերձն էր հղում խորհրդարանին, ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգմավորներից բացի, որոնք բոյկոտել էին ուղերձը, դահլիճից բացակայում էր նաև հանրապետական Կարեն Կարապետայանը: Որոշ թերթեր գրեցին, թե Կարապետյանը նույնպես բոյկոտել է նախագահի ուղերձը: Հրապարակումներ եղան նաև այն մասին, թե Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները լարվել են․ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, վերջինիս զգուշացրել է, որ չփորձի ազդել իր որոշումների վրա:

Այսօր խորհրդարան եկած Կարեն Կարապետյանը չէր ցանկանում խոսել, հարցերին պատասխանելիս նա անգամ դեմքով չշրջվեց դեպի լրագրողները, միայն հավաստիացրեց՝ ոչ թե բոյկոտել է Սերժ Սարգսյանի ելույթը, այլ պարզապես ուշացել է: «Ելույթից ուշացել էի․․․ խնդիրներ չկան»,- պատասխանելով «Ազատության հարցին, միայն ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանը խիստ քննադտության էր ենթարկել իշխող Հանրապետականին, ասելով, թե «մասսայական թալանը մշտապես շարունակվել է»: Նա նաև չէր թաքցրել՝ հանրապետական լինելն իրեն կխանգարի ընտրություններում:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցից այսօր խուսափեց նաև մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Նա այսօր էլ չցանկացավ պատասխանել մի պարզ հարցի՝ արդյո՞ք դատապարատում է «ՍԱՍ» գրուպ»-ի աղմկահարույց ժողովի ժամանակ աշխատակիցների հասեցին հնչեցված սպառնալիքներն ու վիրավորանքները: «Բոլոր մեկնաբանությունները տրվել ա, եթե դուք ուշադիր լինեք ․․․ «ՍԱՍ գրուպ»-ի իրավաբանը տվել ա»,- միայն ասաց Արտակ Սարգսյանը, ապա արագորեն մտավ իր աշխատասենյակ՝ լրագրողների առջև փակելով դուռը։

Հիշեցնենք, համացանցում տարածված աղմկահարույց ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է մի տղամարդ, սպառնալով և ծաղրելով, աշխատակիցներից պահանջում քվեներ ապահովել ընկերության սեփականատեր, հանրապետական Արտակ Սարգսյանի համար, զգուշացնելով՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը: Արդեն մեկ ամիս է՝ այս ձայնագրության փաստով քրեական գործ է հարուցվել, սակայն, առ այսօր որևէ ձերբակալված կամ կալանավորված անձ չկա: Ինչպես այսօր փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ նախաքննությունը դեռ շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG