Մատչելիության հղումներ

Կառավարության աշխատակազմի ղեկավարն այլևս նախարար չի լինի


Արխիվ -- ՀՀ կառավարության նիստ, 22-ը մայիսի, 2017թ․

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գործադիր մարմնի առաջարկը, որով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը փոխարինվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնով:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը տարբեր վարչապետների օրոք մի քանի անգամ ստեղծվել, հետո էլի վերացվել է: Դեռ մի քանի շաբաթ առաջ այն զբաղեցնում էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Հարությունյանից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարարը այժմյան փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էր:

Նախագծին ամբողջ կազմով դեմ էր «Ելք» խմբակցությունը: Ընդդիմադիրները Ազգային ժողովում նախագծի երեկվա քննարկումներին այլընտրանքային առաջարկ արեցին՝ կառավարության աշխատակազմի կառավարման պարտականությունները վերապահել փոխվարչապետին, որոշ նախարարություններ միավորել, օրինակ՝ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները, իսկ կառավարությանն առընթեր 8 մարմինները ներառել նախարարությունների կազմում, արդյունքում 19 նախարարների փոխարեն ունենալ 15-ը, որոնք բոլորն էլ հաշվետու կլինեին խորհրդարանին:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը այսօր երկրորդ անգամ մերժեց «Ելք»-ի առաջարկները:

«Ընդունելի չէր գործադիրի համար, որը նման ակտի ներկայացնելու բացառիկ իրավունք ունի և՛ Սահմանադրությամբ, և՛ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով», - պատճառաբանեց փոխնախարարը:

«Ելք» դաշինքից պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով, երկու պաշտոնյաների աշխատանքի բովանդակային տարբերությունը իրենց այդպես էլ պարզ չդարձավ, իսկ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու վերաբերյալ իրենց տված հարցադրումներին «որևէ բովանդակային պատասխան չեն ստացել»:

«Ըստ էության, ընդամենը այդ մեկ փոփոխությունն էին նախատեսել անելու, որովհետև իրենք ներքին խնդիրներ ունեն Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև», - հավելեց նա:

Աշխատավարձը չի նվազի

Կառավարության աշխատակազմի ղեկավարն այլևս նախարար չի լինի, բայց դրանից նրա աշխատավարձը չի նվազի: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքով, կպահպանվեն նաև նրա տեղակալների, խորհրդականի ու օգնականի աշխատավարձերը: Որոշվել է բարձրացնել նաև ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, խորհրդականի ու օգնականի աշխատավարձերը: Ինչպես կառավարության ներկայացուցիչը ձևակերպեց՝ հավասարություն ապահովելու համար: ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գործադրի այդ առաջարկը: Թե՛ խորհրդարանի, թե՛ կառավարության աշխատակազմերի ղեկավարները, փոխնախարարի խոսքով, կստանան 792.000 հազար դրամ:

Ընդդիմադիրները նախագծի երեկվա քննարկումների ժամանակ քննադատում էին աշխատավարձերի բարձրացումը: Փոխնախարարը պնդում էր՝ դա բյուջեի համար էական ծախս չէ: «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց խոսքը ընդամենը ամսական 250-300 հազար դրամի մասին է:

XS
SM
MD
LG