Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատները:

Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 7.5 տոկոսը, մրցակից ուժերը՝ իշխող Հանրապետականը և «Ելք» դաշինքը, ստացել էին համապատասխանաբար՝ քվեների 69.5 և 20.4 տոկոսը: Նույն օրը ԿԸՀ որոշմամբ Երևանի ավագանու մանդատները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:

«Ելք» դաշինքը դեռ ընտրությունների հաջորդ օրն էր հայտարարել, որ վերցնելու է մանդատները, մինչդեռ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 24-ին դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումները և նշանակել Երևանի ավագանու նոր ընտրություններ։

Այսօր «Ազատության» հետ զրույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը խոստովանեց՝ դատարանից ակնկալիքներ չունեն․ - «Ո՛չ իրավապահ մարմիններն են իրենց տեղում, ո՛չ էլ դատարանը, հետևաբար՝ դատական պաշտպանության ակնկալիք մեզ համար չկա: Բայց, միևնույն ժամանակ, մենք պարտավոր ենք դիմել այդ ատյաններին և ստանալ մերժում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, միաժամանակ, պնդեց՝ սա չի նշանակում ճանաչել քվեարկության արդյունքները:

«Աշխատելու է Զարուհի Փոստանջյանի մոտ՝ որպես բռնազավթիչ-քաղաքապետ»

«Քաղաքապետարանի համար մենք արդեն իսկ ունենք լիազորություններ, այդ լիազորությունները մեզ տվել են մեր քաղաքացիները, հետևաբար այդ լիազորությունները մենք բանեցնելու ենք», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: - «Եվ իհարկե նրանց ձեռքը բռնելու ենք, որ այդ ձեռքը հնարավորություն չունենա կատարի գողություն, որովհետև տարիներ շարունակ նրանք ուղղակի գողությամբ են զբաղվել, յուրացրել են հանրային գումարները», - պնդեց նա՝ խոստանալով, որ այժմ իրենց կուսակցությունը հստակ վերահսկելու է քաղաքային իշխանությունների աշխատանքը:

«Ազատության» հարցին՝ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու իր խոստումը ուժի մեջ է, թե ոչ, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդն ասաց․ - «Դուք ականատեսը կլինեք, թե ինչպես է Տարոն Մարգարյանը աշխատելու Զարուհի Փոստանջյանի մոտ որպես բռնազավթիչ-քաղաքապետ»:

«Մենք ենք եղել հարձակման զոհ»

Զարուհի Փոստանջյանը շարունակում է պայքարը նաև ընտրությունների օրը Հանրապետականի Ավանի շտաբում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին պատժելու համար: Քվեարկության օրը ոստիկանները ուժի գործադրմամբ էին հեռացրել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին, ով շտաբ էր գնացել ընտրակաշառքի ահազանգի հետքերով: Երկու շաբաթ անց միայն Փոստանջյանն ու դուստրը հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել: Այնինչ Հանրապետականի շտաբի ներկայացուցիչն ինքն էր պնդում, թե Փոստանջյանի ու դստեր կողմից բռնության է ենթարկվել՝ մատնացույց անելով պատռված բաճկոնը:

«Մենք ենք եղել հարձակման զոհ և հենց այդ անձը ինքն է հարձակում գործել Լիլիթ Դրամփյանի նկատմամբ: Հետևաբար՝ նա պետք է ենթարկվի պատասխանատվության, և մենք հասնելու ենք դրան», - պնդեց ընդդիմադիր գործիչը:

Փոստանջյանը վերապահումներ ունի ընդդիմության կոնսոլիդացիայի հարցում

Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանում քաղաքական և հասարակական ուժերի կոնսոլիդացիայի կարիք կա և նշել, որ հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ու մեկ քաղաքական ուժի դրոշի ներքո է տեսնում «իրական ընդդիմադիրներին»: «Ազատության» հետ զրույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը նշեց, որ միավորվելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել, ավելին՝ այս հարցում որոշակի վերապահումներ ունի․ - «Մենք ի՞նչն ենք փոխում՝ մեկ իշխանավորին մեկ այլ իշխանավորո՞վ: Ոչ, ես դրան կողմնակիցը չեմ: Սկզբունքների մեջ մտնում է նաև այն, թե դու այդ նախկին պաշտոնյաներին ինչպե՞ս ես ճանաչում, որպես հանցագործների՞, թե՞ որպես գործընկերների»:

Հիշեցնենք՝ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգությունից» հեռացավ, երբ կուսակցությունը որոշեց դաշինք կազմել արտաքին գործերի և պաշտպանության նախկին նախարարներ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ:

«Որևիցե անակնկալ չտեսա»

Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Փոստանջյանը հետևել էր նաև նոր խորհրդարանի առաջին նիստին․ - «Որևիցե անակնկալ չտեսա: Մինչ այդ բոլոր ուժերը գնացել էին Բաղրամյան 26, իրենց համաձայնությունն էին տվել Բաղրամյան 26-ում նստած այդ բռնազավթչին: Այդ ֆոտոսեսիաները արդեն իսկ նախանշում էին, թե ինչպիսին է լինելու հաջորդ փուլը»:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել էր, որ պաշտոնական Երևանը պատրաստ է ողջամիտ փոխզիջումների ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը Սարգսյանի այս հայտարարությունը «զավեշտ» որակեց:

«Իհարկե զավեշտ է, որ 25 տարի անց կարող է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից հնչել հայտարարություն, թե նրանք պատրաստ են մեր երիտասարդների անգին կյանքերի գնով ազատագրված հայրենիքը հանձնել», - մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանը:

XS
SM
MD
LG