Մատչելիության հղումներ

Թիլերսոն․ Վաշինգտոնը պատասխանատու է Մանչեսթրի ահաբեկչության քննության տվյալների արտահոսքի համար


ԱՄՆ պետքարտուղարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հանդիպումը Լոնդոնում, 26-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հանդիպումը Լոնդոնում, 26-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը «լիովին պատասխանատու է» Մանչեսթրի ահաբեկչության հետաքննության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի համար:

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ հանդիպման ժամանակ պետքարտուղարը ափսոսանք է հայտնել բրիտանական հատուկ ծառայությունների կողմից ստացված տեղեկությունների՝ ԱՄՆ-ում հրապարակվելու կապակցությամբ:

Երկու տասնյակից ավելի մարդու կյանք խլած Մանչեսթրի ահաբեկչության հետաքննության առաջին օրերին բրիտանական կողմը ամերիկացի գործընկերների հետ կիսվել է գաղտնի տեղեկատվությամբ:

Թիլերսոնի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ դատապարտել է գաղտնի տվյալների արտահոսքի փաստը և կոչ արել անհապաղ հետաքննել միջադեպը: Սպիտակ տան ղեկավարը անհրաժեշտ է համարում պատասխանատուներին պատժելը:

Ամերիկյան մամուլում ահաբեկչության մասին գաղտնի տեղեկատվության արտահոսքից հետո բրիտանական ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է ամերիկյան հատուկ ծառայություններին գաղտնի տվյալների փոխանցումը: Պաշտոնական Լոնդոնը միջադեպի համար պատասխանատու է համարում Վաշինգտոնին: Ավելի ուշ բրիտանական կողմը վերսկսել է ԱՄՆ-ի հետ Մանչեսթրում ահաբեկչության հետաքննության վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը՝ ստանալով գործընկերներից նոր երաշխիքներ:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին «Մանչեսթր Արենա» համալիրում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյունի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ 59 մարդ, տուժածների թվում կան դեռահասներ և երեխաներ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը։ Ահաբեկչության գործով այսօրվա դրությամբ կալանավորված է 11 մարդ: Միացյալ Թագավորության տարածքում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 13 մարդ, որոնցից մեկը անչափահաս՝ 16 տարեկան պատանի, և 34-ամյա մի կին: Վերջիններիս նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նրանք ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG