Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ։
Մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված: Կոտայքի մարզային քննչական վարչությունում անմիջապես քննություն է սկսվել՝ պարզելու երեխայի մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մոր, ինչպես նաև փոքրիկի մարմինը նշված տարածք տեղափոխած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
«Քննությամբ պարզվել է նորածնի մոր ինքնությունը, ով Հրազդան քաղաքի բնակչուհի է, երկու անչափահաս երեխաների մայր։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ փոքրիկը ծնվել է մայիսի 11-ին՝ տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով։ Նորածնի մայրը հարցաքննվել է՝ որպես կասկածյալ։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ձեռք բերված նախնական տվյալները, նորածնի մոր հայտնած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:
Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով մոր կողմից նորածին երեխայի սպանության համար սահմանված է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: