Եվրամիությունը այսօր հրապարակեց Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման որոշումը, որը ուժի մեջ կմտնի 20 օրից: Այսպիսով, առաջիկա հունիսի 11-ից Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ:
Որոշման համաձայն՝ կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին, որոնց թիվը ավելի քան 45 միլիոն է, հնարավորություն կտրվի առավելագույնը 90 օրով մտնել Շենգենյան գոտու տարածք` առանց Կիևում գտնվող եվրոպական դեսպանություններից մուտքի վիզա ստանալու: Վիզայի ազատականացումից հետո Եվրամիությունում լուրջ խնդիրներ առաջանալու դեպքում՝ միգրացիայի կամ անվտանգության հետ կապված, Բրյուսելը կարող է անհապաղ չեղարկել որոշումը:
Հիշեցնենք, Եվրամիության խորհուրդը Ուկրաինայի համար ազատ վիզային ռեժիմը հաստատել է մայիսի 11-ին, իսկ համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին:
Ուկրաինայի հետ այսօր առանց վիզայի ռեժիմ սահմանեց նաև Անկարան՝ թույլատրելով Ուկրաինայի քաղաքացիներին առանց արտասահմանյան անձնագրերի, միայն ներքին փաստաթղթերով մուտք գործել Թուրքիայի տարածք: Ուկրաինացիներն առանց մուտքի արտոնագրի Թուրքիայի տարածքում կկարողանան գտնվել 90 օր յուրաքանչյուր 180-օրյա ժամկետի ընթացքում:
Մանրամասները տե՛ս այստեղ