Եվրամիությունը այսօր հրապարակեց Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման որոշումը, որը ուժի մեջ կմտնի 20 օրից: Այսպիսով, առաջիկա հունիսի 11-ից Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ:
«Ուկրաինայի քաղաքացիների համար վիզայի ազատականացման ռեժիմի սահմանումը կարևոր իրադարձություն է, որը նպաստելու է Եվրամիության և Ուկրաինացի ժողովրդի միջև կապերի ամրապնդմանը», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ վիզայի ազատականացման ռեժիմի սահմանումը հաջորդում է Ուկրաինայի կողմից անհրաժեշտ բարեփոխումների ավարտմանը, որոնք իրականացվել են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միգրացիայի, անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների:
Որոշման համաձայն՝ կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին, որոնց թիվը ավելի քան 45 միլիոն է, հնարավորություն կտրվի առավելագույնը 90 օրով մտնել Շենգենյան գոտու տարածք` առանց Կիևում գտնվող եվրոպական դեսպանություններից մուտքի վիզա ստանալու: Վիզայի ազատականացումից հետո Եվրամիությունում լուրջ խնդիրներ առաջանալու դեպքում՝ միգրացիայի կամ անվտանգության հետ կապված, Բրյուսելը կարող է անհապաղ չեղարկել որոշումը:
Ուկրաինայում վերջին տարիների արյունալի հակամարտության պատճառով զգալիորեն մեծացել են միգրացիոն հոսքերը: Երկրի պետական կառույցի տվյալներով՝ միայն 2016 թվականի առաջին կիսամյակում Ուկրաինայից ավելի քան 87 հազար մարդ է արտագաղթել, իսկ վերջին մեկուկես տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 250 հազարով:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ողջունելով Եվրամիության խորհրդի կողմից Ուկրաինայի համար ազատ վիզային ռեժիմի հաստատումը, հայտարարել էր, թե այդպիսով Ուկրաինան վերջնականապես ապահարզան ձևակերպեց Ռուսաստանի հետ։
«Խոսքը ոչ միայն առանց վիզայի սահմանը հատելու մասին է, այլև Ուկրաինայի՝ իր պատմական տեղին վերադառնալու՝ եվրոպական երկրների կազմ վերադառնալու մասին է», - շեշտել էր Պորոշենկոն։
Հիշեցնենք, Եվրամիության խորհուրդը Ուկրաինայի համար ազատ վիզային ռեժիմը հաստատել է մայիսի 11-ին, իսկ համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին:
Ուկրաինայի հետ այսօր առանց վիզայի ռեժիմ սահմանեց նաև Անկարան՝ թույլատրելով Ուկրաինայի քաղաքացիներին առանց արտասահմանյան անձնագրերի, միայն ներքին փաստաթղթերով մուտք գործել Թուրքիայի տարածք: Ուկրաինայի միգրացիոն պետական ծառայության ղեկակավար Մաքսիմ Սոկոլյուկի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ ուկրաինացիներն առանց մուտքի արտոնագրի Թուրքիայի տարածքում կկարողանան գտնվել 90 օր յուրաքանչյուր 180-օրյա ժամկետի ընթացքում: