Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ռուսաստանում ադրբեջանական ՀԿ-ի լուծարումը


Ադրբեջանի խորհրդարանի շենքը Բաքվում
Ադրբեջանի խորհրդարանի շենքը Բաքվում

Պաշտոնական Բաքուն դատապարտում և քաղաքական որոշում է որակում Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարումը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը, «ոչ-բարեկամական քայլ» որակելով բարեկամ Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը, հայտարարում է, թե այդ կերպ Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը:

«Այդ ամենը կարող է բացասաբար ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի ստանձնած միջնորդական դերի վրա», - մասնավորապես հայտարարել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

Ռուսաստանում ադրբեջանական կառույցը չեղարկելու հայցով երկրի Գերագույն դատարան էր դիմել արդարադատության նախարարությունը, պնդելով, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին:

2001 թվականին ստեղծված և ավելի քանի երկու միլիոն ադրբեջանցիների միավորող կազմակերպությունը Ռուսաստանում լուծարելու որոշումը Ադրբեջանի իշխող վերնախավում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել։

Ռուսաստանի հասցեին ավանդաբար գովեստի խոսքեր շռայլող Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն այժմ չեն թաքցնում իրենց զայրույթը:

«Մենք երբեք չենք արել մի բան, որը կհակասեր Ռուսաստանի շահերին։ Միլի մեջլիսը պետք է պաշտոնական հայտարարություն ընդունի այդ կապակցությամբ։ Ի՞նչ է այդ ամենը նշանակում՝ որ Ռուսաստանում բոլոր հարցերը լուծել էին, մնացել էր ադրբեջանական կազմակերպության հա՞րցը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։

Իշխող ուժի ներկայացուցիչը, ի պատասխան, խոստանում է դիմել պաշտոնական մարմիններին՝ Ադրբեջանում գործող ռուսաստանյան կենտրոններին և համայնքին վերաբերող թղթաբանությունը ստուգելու պահանջով։

Ադրբեջանի վերլուծական շրջանակներում պատահական չեն համարում պաշտոնական Բաքվի նման կոշտ արձագանքը տեղի ունեցածին։

Ռուսաստանի տասնյակ մարզերում գրասենյակներ ունեցող կառույցը, որի գործունեության առանցքը ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ամրապնդումն է, հիմնադրվել է Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ։ Կոնգրեսի անդրանիկ նիստին անձամբ ներկա է եղել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանում ադրբեջանական դեսպանության և առհասարակ պաշտոնական Բաքվի աջակցությունը վայելող կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվել է մշակութային, կրթական, տնտեսական ծրագրերով։ Բացի այդ, ինչպես նշվում է Կոնգրեսի կայքում, կառույցը լուրջ ուշադրություն էր հատկացնում Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների սոցիալական շահերի և իրավունքների պաշտպանությանը։

Կոնգրեսն իր գործունեության առաջին իսկ օրվանից ստացել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների աջակցությունը, նաև ասվում էր ադրբեջանական կառույցի կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG