Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները հայտնում են, որ ադրբեջանական կողմը այսօր ցերեկը կրակ է բացել ԼՂ սահմանի արևելյան ուղղությամբ` մասնակի վնասելով մեկ միավոր ռազմական, պաշտպանական տեխնիկա:
«Մայիսի 15-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական, պաշտպանական բնույթի օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ միավոր ռազմական, պաշտպանական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:
Հայտարարում ենք, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նույնաբովանդակ գրառում է կատարել նաև Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
Այսօր ավելի վաղ «Թրենդ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդել էր, թե ադրբեջանական զինուժը ոչնչացրել է հայկական կողմի «Օսա» տիպի զենիթահրթիռային համակարգ, տրանսպորտային-լիցքավորող մեքենան և դրանք սպասարկող անձնակազմը: