Մատչելիության հղումներ

Կալանավորվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան


Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Հայաստանի արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն:

«Քննությամբ պարզվել է, որ վերջինս 29.01.2017թ.-ին հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերել է «iPhone 6s» տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար նրանից կաշառք է պահանջել: Սակայն դատապարտյալը չի կատարել վերջինիս պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Վ. Մ.-ն, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, փորձել է կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասով և Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի («Պաշտոնեական կեղծիքը») 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեղադրանքներն ապացուցվելու դեպքում քրեակատարողական հիմնարկի պաշտոնյային սպառնում է ազատազրկում՝ 3-ից մինչև 7 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG