Մատչելիության հղումներ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի պլատֆորմը վրդովված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ


ԵԱՀԿ լոգոն
ԵԱՀԿ լոգոն

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարում է, որ խորը ափսոսանքով է ընդունել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման վերաբերյալ տեղեկությունը:

«Ինչպես ԵԱՀԿ-ն ամբողջությամբ, այնպես էլ նրա գրասենյակը Հայաստանում անգնահատելի ներդրում ունեն մեր երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` մեզ համար առանձնապես գնահատելի են միջազգային հեղինակավոր այս կազմակերպության այն ծրագրերը, որոնք նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում ընտրական գործընթացների կայացմանն ու ամրապնդմանը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Այս առումով Պլատֆորմն իր խորին երախտագիտությունն է հայտնում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարությանն ու աշխատակազմին` բեղմնավոր աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար», - ասված է Պլատֆորմի այսօր տարածած հայտարարությունում:

«Այն, որ առաքելության գործունեության դադարեցումը պայմանավորված չէ օբյեկտիվ որևէ հանգամանքով, հակասում է ինչպես հենց ԵԱՀԿ-ի, այնպես էլ ընդունող երկրի, հայ հասարակության ցանկությանը, և բացառապես արդյունք է Կազմակերպության անդամ մեկ երկրի` Ադրբեջանի ապակառուցողական քայլի, չի կարող ընկալվել այլ կերպ, քան վրդովմունքն է», - հայտարարում է Պլատֆորմը՝ շարունակելով․ - «Սա առաջին դեպքը չէ, երբ պետությունները, դառնալով միջազգային կառույցների անդամներ, սակայն չկիսելով տվյալ քաղաքական միջավայրում ընդունված արժեքային համակարգը և վարքային նորմերը, խոչընդոտում են այդ կառույցների աշխատանքին թե՛ իրենց երկրներում, թե՛ այլուր: Նախորդ տարիներին ԵԱՀԿ-ի նկատմամբ այդօրինակ ընդդիմագործության արդյունքում փակվեցին ԵԱՀԿ գրասենյակները Թբիլիսիում (Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ) և Բաքվում (հենց իր` Ադրբեջանի նախաձեռնությամբ), իսկ հիմա արդեն` Հարավային Կովկասի երրորդ երկրում»:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից որևէ կերպ չհիմնավորված վետոյի իրավունքի կիրառումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բյուջեի հաստատման նկատմամբ, որը դարձել է վերջինիս մանդատի դադարեցման պատճառ: Մենք սա համարում ենք չափազանց վտանգավոր և միջազգային համագործակցությանը վնաս հասցնող նախադեպ», - ասված է հայտարարությունում:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ԵԱՀԿ Եվրոպայի և նրա ոլորտային բոլոր կառույցներին, չնայած երևանյան գրասենյակի փակմանը, երկկողմանի և բազմակողմանի համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ աշխատանքը Հայաստանի հետ: «Հուսով ենք, որ ԵԱՀԿ անդամ պետություններն անհրաժեշտ ջանքեր կգործադրեն Հայաստանում և ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում այդ կառույցի լիարժեք ներկայությունը վերականգնելու համար», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG