Մատչելիության հղումներ

Դանակահարություն Աբովյան փողոցում. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աբովյան փողոցում մայիսի 3-ին տեղի ունեցած դանակահարության դեպքով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

«2017թ. մայիսի 03-ին՝ ժամը 21:10-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1987 թվականին ծնված Ս.Օհանյանը: Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի [դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը] 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը կտրող-ծակող գործիքի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածքն ստացել է Աբովյան փողոցում գործող խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ տուժողը և կասկածյալն իրականացնում են մասնավոր ուղևորափոխադրումներ և ավտոմեքենաները հիմնականում կայանում են Երևան քաղաքի Աբովյան փողոցում: Դեպքի օրը՝ մայիսի 3-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, պատվիրատուների սպասարկման հերթը խախտելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ տուժողն ստացել է ծանր մարմնական վնասվածքը։ Կասկածյալը ձերբակալվել է։

«Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG