Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Լուսանկարը Թվիթերում հրապարակել է ՀՀ ԱԳՆ խոսնակը

Մոսկվայում քիչ առաջ ավարտվել է ռուսական կողմի նախաձեռնած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը։

Բանակցություններն անցել են եռակողմ ձևաչափով, իսկ այնուհետև արտգործնախարարներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

«Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»․ - նման հաղորդագրություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները։

Հիշեցնենք, ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին և մարտին, Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպել էր նախ Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ։ Լավրովն այդ հանդիպումներից հետո հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդիրը հնարավոր է կարգավորել, ու ևս մեկ անգամ կրկնել․ - «Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորման բազային սկզբունքները»։

«Բակինսկի ռաբոչի» թերթում հրապարակված հոդվածում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը թերևս առաջին անգամ բարձրաձայնել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG