Մատչելիության հղումներ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը զորակցում է Դանիել Իոաննիսյանին


Դանիել Իոաննիսյան, արխիվ

Այսօր տարածած հայտարարությամբ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր զորակցությունն էհայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանն ու Դանիել Իոաննիսյանին, իսկ նրա դեմ ներկայացված դատական հայցը գնահատել է «իշխանության կատարած փոքրոգի ու անարժանապատիվ քայլ», ինչը «հանցագործության բացահայտումը խոչնդոտելու փորձ է»:

««Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր 25.03.2017 թվակիր հայտարարությամբ անդրադարձել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկոտ բացահայտմանը։ Դպրոցական և նախադպրոցական հարյուրից ավելի հիմնարկների տնօրենների, ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումը համարելով ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, Դաշինքը նաև հայտարարել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած և մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը, իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել։

Այս ամենը, բնականաբար, տեղի չունեցավ։ Այսօրինակ և բազմաթիվ այլ օրինախախտումներով ու ընտրակեղծիքներով լուծելով իշխանության վերարտադրման հարցը, ՀՀԿ-ն այժմ էլ գրոհ է կազմակերպում քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Իշխանության դրդմամբ ընտրախախտումներով զբաղված նույն դպրոցների 30 տնօրենները դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և նրա ղեկավար Դանիել Իոանիսյանի:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը իր զորակցությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանն ու Դանիել Իոաննիսյանին,գնահատում է իշխանության կատարած այս փոքրոգի ու անարժանապատիվ քայլը որպես հանցագործության բացահայտումը խոչնդոտելու փորձ, շարունակում է համարել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած ու հրապարակած նյութը պահպանում է իր ուժը որպես հաղորդում հանցագործության մասին, և դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները՝ պատասխանատվության կանչելով իրական օրինախախտներին՝ համապատասխան դպրոցների և նախադպրոցական հիմնարկների տնօրեններին»,- նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG