Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Նարա Շլեպչյանին և Մերուժան Տեր-Գուլանյանին վեց տարով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ապրիլի 7-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դիմում ներկայացրած 5 թեկնածուներից հաղթողներ ճանաչել Շլեպչյանին և Տեր-Գուլանյանին: Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսությունում նրանց երկարամյա աշխատանքային փորձը, զգալի ներդրումը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Նարա Շլեպչյանը 82 տարեկան է, 1956 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստատեսությունում, 2001-2011 թվականներին նախագահել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհուրդը: 2011 թվականից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է: Ստեղծագործական գործունեության ընթացքում վարել է բազմաժանր հաղորդումներ՝ լրատվական ծրագրեր, հարցազրույցներ, գրական, գեղարվեստական, երաժշտական հաղորդումներ, երեկոներ, հանդիպումներ հայ և օտարերկրյա մեծանուն մարդկանց, ինչպես նաև առանձին կոլեկտիվների հետ: Վարել է կառավարական միջոցառումներ, ունեցել է հեղինակային հաղորդումներ: Հանդիսացել է մի շարք հեռուստատեսային ծրագրերի սցենարների հեղինակ, պրոդյուսեր, հաղորդավար: Արժանացել է մի շարք պետական, մասնագիտական պարգևների:
Մերուժան Տեր-Գուլանյանը 69 տարեկան է: 1973 թվականից աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես գրական աշխատող, այնուհետև՝ բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-1990թթ.՝ ամսագրի գլխավոր խմբագիր: 1988-1993թթ. եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիր ղեկավարը: 1978-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1990-ին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, միաժամանակ՝ ԳԽ նախագահության անդամ, 1995-1999-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի, հեղինակային իրավունքի, ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքները: 1997-ին հիմնադրել է հանրապետության առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով հիմնադիր-նախագահ: Մինչ այդ հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը: 2006-2009-ին եղել է «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը: 2009-2011-ին եղել է Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրեն: 2011-ի մարտի 19-ին նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: 2012-ին հիմնադրել է «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս: Արժանացել է մի շարք պարգևների, գրական մրցանակների, ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման՝ «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար,
Ջավախքի, Երևանի պատվավոր քաղաքացի է: Հեղինակ է հայաստանյան և արտասահմանյան մի շարք երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 1000 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների: