Ադրբեջանն այսօր զիջումների պատրաստ չէ: Այսպիսի համոզմունք հայտնեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին:
Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջումների և խաղաղություն հաստատելու օգտին, և ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության դաշինքը հանդես էր գալիս «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով:
«Ֆենոմենալ բան կա Տեր-Պետրոսյանի ելույթի և երկու հայտնի հարցազրույցների մեջ, որ երբ նայում ես առանձին-առանձին ցանկացած հատված, ցանկացած նախադասություն այդ ելույթից կամ հարցազրույցից, ճիշտ է, ամեն ինչ ճիշտ է, բայց որպես կոնցեպտ՝ լրիվ չաշխատող կոնցեպտ է», - հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը և մանրամասնեց. - «Ցանկացած բան պետք է դիտարկել այդ էպոխայի, այդ տարիների կտրվածքով՝ ինչպիսի իրավիճակ էր տարածաշրջանում, աշխարհաքաղաքական իրավիճակը, և այլն: Այսինքն՝ եթե 97 թվականին մենք գործ ունեինք Ադրբեջանի հետ, որը չուներ բանակ՝ բանակը ամբողջովին կազմալուծված էր, որը անցել էր քաղաքացիական պատերազմի բովով և ինստիտուցիոնալ բավականին ինֆրաստրուկտուրայի կորուստներով, համախառն ներքին արդյունքով համեմատելի էինք մենք Ադրբեջանի հետ, նավթի գները այն ժամանակ 17-18 դոլար էր, իսկ 98 թվին 11 ու քանիս էլ էր իջել, կար Հեյդար Ալիև, որը արդեն այն տարիքում էր, որ մտածում էր հեռանալու մասին և ուզում էր ամեն ինչ անել, որպեսզի իշխանությունը հանձնի որդուն՝ անարյուն, առանց խնդիրների, և այդտեղից էլ գալիս էր իր պատրաստակամությունը՝ պայմանագիր ստորագրելու, մենք ունեինք ադեկվատ Թուրքիայի իշխանություններ, որոնք կանխատեսելի էին, համենայն դեպս, և այնպես չէին պահում իրենց, ինչպես այս օրերին, չկար միջինարևելյան այս քաոսը, հիմա մենք ունենք լրիվ այլ Ադրբեջան: Այսօրվա, իրոք, Ադրբեջանի նախագահը չի կարող գնալ որևէ փոխզիջման»:
«Եվ ասել, որ մենք հիմա պատրաստ ենք ստորագրել՝ այո, կարելի է ստորագրել, բայց ստորագրում են կոնկրետ պայմանագրի տեքստ, էս պահին կան սկզբունքներ՝ սկզբունքները լրիվ ընդունելի են, բայց սկզբունք չես կարող ստորագրել, դու ստորագրում ես ամեն ինչ համաձայնեցված: Եվ փուլայինը՝ ես լրիվ կողմնակից եմ փուլայինին, բայց փուլայինը կարելի է իրագործել, երբ ամբողջ փաթեթը համաձայնեցված է, երբ գիտես՝ թունելի վերջում ինչ է, և գնում ես փուլ առ փուլ իրականացնելու, և ցանկացած փուլի տապալման ժամանակ կարող ես վերանայել մոտեցումը», - ասաց Հայաստանի նախկին արտգործնախարարը՝ հավելելով. - «Եվ մեկ այլ բան, որ խաղաղարար ուժերը, խաղաղապահ ուժերը երաշխավոր կլինեն. գիտե՞ք, ես ինքս ՄԱԿ-ում աշխատել եմ և անձամբ քվեարկել եմ Ռուանդա խաղաղարար ուժեր ուղարկելու համար՝ մանդատն ենք հաստատել Գլխավոր ասամբլեայում, գիտենք, որ Ռուանդայում ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հայացքի ներքո իրականացվեց ցեղասպանությունը»:
«Նախագահի ասածը մի բան կարելի է հասկանալ՝ որպես հորդոր միջազգային հանրությանը, որպեսզի անցկացնեն Դեյթոնի նման մի հավաք և պարտադրեն. դա հնարավոր տարբերակն է: Բայց դա ոնց որ մի քիչ էլ կոչ է Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը գա և մեզ պարտադրի Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված՝ Լավրովի պլան կկոչվի դա, թե ինչ: Բայց դա մեզ համար ընդունելի՞ է, թե՞՝ ոչ: Որովհետև մենք հասկանում ենք՝ այո, ճիշտ է, որ Ռուսաստանի շահից է բխում և որ միակ խաղաղապահ ուժը, այս պահին որ այստեղ կարող է լինել, դա ռուսականն է, որը պրոբլեմ չունի և որի վրա դժվար կրակեն կողմերից որևէ մեկը, բայց մենք երբեք չենք կարող կանխատեսել Ռուսաստանի ապագա քայլերը: Այո, ներգրավվածություն ունի Սիրիայում, այո, կգա և էլ չի գնա՝ նպատակներից մեկը դա է: Բայց նաև ասել, որ ինքը հիմա Սիրիայում շատ խրված է թիկունքում, պետք է էս հրդեհը հանգցնել՝ ճիշտ է, բայց մյուս կողմից ինքը այնպիսի հրդեհներ է ստեղծում, տեսնում ենք՝ Սիրիայում ինչ է կատարվում և ինչպես են տակից դուրս գալու և հարցականի տակ է ընդհանրապես Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում ապագայում», - շեշտեց Արզումանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․