Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է․ - «Հարգելի՛ Սերժ Ազատի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է: Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը»:
«Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում», - Սերժ Սարգսյանին գրել է Վլադիմիր Պուտինը: