Մատչելիության հղումներ

Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, ժամը 16:30-ի դրությամբ Պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ:

«Հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաև բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվեարկությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին», - ասված է հաղորդագրությունում:

Օմբուդսմենի գրասենյակը նաև հաղորդում է, որ աշխատակազմը ստացել է 5 ահազանգ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ: «Պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան պայմաններ չունեցող բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում կցուցաբերվի համապատասխան աջակցություն», - ասված է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած 800-ից ավել հաղորդում:

Հրապարակումներում առկա է նաև լրագրողների մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքեր, մասնավորապես՝ Երևանի Ռուսթավելու 15 հասցեի մոտակայքում Araratnews-ի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպերը: «Կարևոր է, որ այդ առիթով արդեն իսկ նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ», - ասված է հաղորդագրությունում:

Օմբուդսմենի գրասենյակը նշում է, որ Պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետևում լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը: « Հիշեցնում ենք, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընդոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ», - ասված է հաղորդագրությունում:

Շարունակվում են նաև Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Պաշտպանի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող ուսումնասիրությունները: «Մարզերին առնչվող հրապարակումներից 79 կապակցությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր, համապատասխան պարզաբանումներ պահանջվել ընտրական հանձնաժողովներից և ոստիկանության համապատասխան մարմիններից», - ասված է հաղորդագրությունում:

ՄԻՊ-ը նշում է, որ ժամը 16:30-ի դրությամբ քվեարկության ընթացքի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից ահազանգեր չեն ստացվել: Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է նաև Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG