Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազն ընդունել է կալանավորված սարիթաղցիների հարազատներին


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է դատախազության դիմաց արդեն չորս օր նստացույց անող սարիթաղցիներին ու հայտնել, որ տասը կալանավորվածներից երեքին հնարավոր է պայմանական ազատ արձակել՝ եթե վերջիններս ընդունեն իրենց մեղքը:

«Հարություն Թորոսյանը, Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանը», - այդ երեքի անուններն «Ազատությանը» փոխանցեց Սարի թաղի բախումների գործով կալանավորվածներից Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: - «Իմ պատասխանը կտան երկուշաբթի փաստաբանի միջոցով»:

Ցուցարարներից մեկը հավելեց․ - «Մյուսների մասով լրիվ տեղյակ չի, որովհետև նրանց գործերը առայսօր չի քննված: Երկու հոգունը ընդհանրապես ոչինչ արված չի, մնացածներինը հետաձգվում ա: Այսինքն, հստակ նրանց ճակատագրի վերաբերյալ ինչ դիրքորոշում կընդունի դատախաղությունը, չկա»:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող սարիթաղցիների հարազատներն անժամկետ նստացույցը դատախազության դիմաց չեն դադարեցնի։ Լալա Բերնեցյանն ասաց, որ իրենց չի բավարարում գլխավոր դատախազի պատասխանը․ - «Կբավարարեր էն ժամանակ, երբ որ հոդված կփոխվեր, թեկուզև ստորագրությամբ իրանք բաց կթողնվեին»:

Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, ով նույնպես ներկա է եղել դատախազի հետ հանդիպմանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե տղաները մեղքը կընդունեն․ - «Ես չէի կարող պարոն Դավթյանի մոտ խոսք տայի իմ եղբոր տեղը: Ինքն ա ներկա եղել․․․ եթե արել ա մի բան, ինքն ա արել: Ոչ մեկը հլա որ մեղքը չեն ընդունում․․․ Ես հիմա առաջարկեցի մեր տեսանյութը, որը ոստիկանները ջնջել էին․ դա վերականգնել ենք։ Առաջարկել եմ իրանք դիտեն, խոստացել են ընդունեն ու նայեն․․․ Որովհետև ընդեղ տասը տղաներից առնվազն կեսը ոչ մի բան չեն արել»:

Կալանավորի եղբոր չբացառեց, որ նստացույցը շարունակեն նախագահականի դիմաց, որպեսզի իրենց հարազատներին ազատ արձակելու պահանջը ներկայացնեն հենց նախագահ Սերժ Սարգսյանին․ - «Որովհետև, ոնց ես հասկացա, պարոն Դավթյանը ի վիճակի չի սրանից ավել փոփոխություններ մեզի առաջարկի: Դա կարա անի միայն մեր գործող նախագահը»:

Անցած ամռանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո սարիթաղցիները, հիշեցնենք, զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախումները սարիթաղցիները մեկնաբանում են որպես բողոքի ձայն բարձրացնելու փորձ։

Ոստիկանությունն, իր հերթին, հայտարարում է, թե քաղաքացիները քարերով հարվածներ են հասցրել իրենց:

Այս գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան։ Կալանավորվածներին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG