Մատչելիության հղումներ

Սարիթաղցիների գործով դատական նիստերը կշարունակվեն միայն ընտրություններից հետո


Արխիվ -- Բախում ոստիկանների և սարիթաղցի երիտասարդների միջև, 19-ը հուլիսի, 2017թ․

Սարիթաղցի տասը կալանավորների հարազատները վրդովված են՝ դատական նիստերը կշարունակվեն միայն ընտրություններից հետո: Հենց այդ պատճառով որոշել են Սարի թաղ մտնող յուրաքանչյուր քաղաքական ուժի պաստառներով հիշեցնել, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին փողոց դուրս եկած իրենց հարազատները միայն պահանջել էին վերականգնել թաղամասի լույսը, ջուրը, գազն ու երթևեկությունը: Այսօր նրանք դատարանի առջև են կանգնել՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Կալանավորվածներից Էդուարդ Զեյթունցյանի ու Հրաչ Բոյաջյանի կանայք՝ Լալա Բերնեցյանն ու Նարինե Ղազարյանը, «Ազատությանը» պատմեցին, որ ՀՀԿ-ի ինչ-որ ներկայացուցիչներ երեկ, հորդորել են հանել պաստառները, քանի որ՝ «ամոթա, որ թեկնածուները, պաշտոնավոր մարդիկ բարձրանան, տենան, որ Սարի թաղում 10 կալանավոր կա»:

«Ազատության» տեսախցիկը տեսնելուն պես Սարի թաղի գործով կալանավորված Կարեն Վանոյանի տարեց մոր տանը հավաքվեցին մյուս կալանավորվածների ծանոթ-բարեկամներն ու պատմեցին՝ ընտրատարածքի թեկնածուներն անգամ չեն հետաքրքրվում իրենց տղաների գործով, բայց ընտրության օրերին հաստատ ձայն են խնդրելու:

«Չգիտեմ որ կուսակցությունից էին եկել, 5 կիլո մակարոն էին ուղարկել, 2 կիլո կարտոշկա, 1 հատ ձեթ, կես կիլո էլ մարգարին: Օգնություն էր եկել․․․ մենք էլ հետ ուղարկեցինք: Վիրավորվում ես․․․ թող մեր տղաներին ազատ թողնեն, մեզ ոչ մի բան էլ հարկավոր չի», - դժգոհեց Շուշանիկ Գալստյանը՝ Կարեն Վանոյանի մայրը:

Սարիթաղցիները դժգոհ են՝ 9 ամիս շարունակ ում ասես նամակ են գրել, ուր ասես դիմել են, պնդելով, որ դատական նիստերն ընթանում են կոպիտ խախտումներով: Ըստ նրանց՝ վիճաբանության օրը ոստիկաններն են ատրճանակ պարզել սոցիալական խնդիրներով փողոց դուրս եկած իրենց հարազատների ուղղությամբ, ինչին հետևել է քարերով ինքնապաշտպանությունն ու վիճաբանությունը:

Այսօր թաղամասի այլ հատվածում էլ մյուս կալանավորվածներից մի քանիսի հարազատներն էին փողոց դուրս եկել:

«Ես մեծ հույս ունեի, որ ընտրությունների նախաշեմին իրենց բաց կթողնեին», - ասում էր նրանցից մեկը, - «Ես որ իմացա՝ Հրաչը կամ Արմանը էդ խմբի մեջ էր՝ մինչև հիմա չեմ հավատում, որովհետև նրանցից նույնիսկ բարձր ձայնով խոսելը չեմ լսել: Էդ ո՞նց եղավ՝ դարձան խուժան, խուլիգան, ամիսներով չեն կարողանում էդ խեղճերից ազատվել»:

Սարիթաղցի 10 կալանավորվածների հարազատներն ասում են՝ նրանք տան միակ աշխատողներն էին: 7-ամյա դստեր հետ, կիսավեր տանն ապրող Լալա Բերնեցյանն էլ նեղսրտեց՝ բանտում ամուսնու կաշին ու ոսկորն են մնացել․ - «Նոր սկսել եմ աշխատել՝ այս մի ամիս ա․․․ իմ 7 տարեկան աղջիկը մնում ա մենակ տանը: Ամեն անգամ տելեվիզորով նայում ա մեր նախագահին՝ անկեղծ ասում ա՝ ե՞րբ ես դու իմ պապային բաց թողնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG