Մատչելիության հղումներ

Ձերբակալված սարիթաղցիների հարազատները պնդում են, որ դատական նիստերը միտումնավոր ձգձգվում են


Բախում սարիթաղցիների և ոստիկանության միջև, 19-ը հուլիսի, 2016թ․

Այսօր Սարի թաղի գործով ձերբակալվածներից երկուսի՝ Կարեն Վանոյանի և Սարգիս Արաբաջյանի դատական նիստը հետաձգվեց հանրային պաշտպանի բացակայության պատճառով։ Սա հարուցեց հարազատների զայրույթը: Հինգ ամիս է՝ դատ տեղի չի ունենում, միտումնավոր ձգձգում են, պնդում էին նրանք։

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու օրերին ոստիկանների ու սարիթաղցիների միջև բախում էր տեղի ունեցել, որից հետո իննը մարդ էր ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ։ Կարեն Վանոյանի մայրը՝ Շուշանիկ Գալստյանը, պնդում է՝ որդին հանցանք չի գործել:

«Որ իմանամ՝ մի անշնորհքություն, մի հանցագործություն արել ա, կասեմ՝ ջհանդամը, թող գնա իրա պատիժը կրի: Բայց չի կարելի՝ մենք էլ ենք մարդ: Հինգ ամիս՝ ամեն անգամ երկու րոպե դատարանում, ու՝ վերջացավ: Բա էդքան էլ ոստիկանները վնասեցին, բա ինչի՞ համար մեկին չեն դատում», - հարցնում էր մայրը՝ հավելելով․ - «Մեր տան միակ ճրագն է՝ երկու տան պահապանն ինքն է, ուրիշ մարդ չունենք»:

Ձերբակալվածներից Սարգիս Արաբաջյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե տեղեկություն ունի, որ նախաքննական մարմինը շարունակում է այլ անձանց էլ փնտրել, ովքեր այդ օրը կատարված տեսագրությունում երևում են։ Ինչ վերաբերում է իր պաշտպանյալին, ապա ըստ Սիմոնյանի միակ ապացույցի՝ տեսագրության մեջ չի երևում, թե նա ինչ գործողություն է կատարում։ Ընդհանրապես գործով բոլոր ձերբակալվածներին նույն ընդհանուր մեղադրանքն է առաջադրվել՝ ասում է փաստաբանը․ - «Մեղադրանքը անհատականացված չէ և որևէ մեղադրյալ, այդ թվում նաև Սարգիս Արաբաջյանը, չգիտի, թե կոնկրետ ինչում է մեղադրվում: Անձը կարող է պատասխանատվության ենթարկել միայն իր կողմից կոնկրետ կատարված գործողության համար, իսկ եթե նախաքննական մարմինը և այժմ էլ մեղադրողը, չկարողացավ պարզաբանել, թե Սարգիս Արաբաջյանը կոնկրետ ինչ գործողություն է կատարել, հետևապես կարծում եմ, որ մեղադրանքը պետք է վերացվի կամ արդարացվի»:

Նախքան դատական նիստը կալանավորված սարիթաղցիների հարազատներն այսօր նաև կառավարության շենքի մոտ էին հավաքվել ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում էին պահանջում: Նրանք բախման օրվա լուսանկարներով պաստառներ էին բերել իրենց հետ։ Այլևս չգիտենք ումից արդարադատություն ակնկալել, ասում էին նրանք։ Շեշտեցին՝ ընտանիքներից շատերը մի քանի ամիս է առանց կերակրող ձեռքի են մնացել։

Հավաքվածները պնդում էին՝ իրենց հարազատները փողոց էին դուրս եկել սոցիալական պահանջներով, ասում էին՝ Սարի թաղում անջատված էր ջրամատակարարումը, գազամատակարարումը, հասարակական տրանսպորտը չէր աշխատում՝ կաթվածահար էր:

«Կոնկրետ՝ տղաները դուրս են եկել բողոքի, գնացել են էն կետը, որտեղ ոստիկանությունը հերթապահում էր, բողոքել են, որ տրանսպորտի ճանապարհ բացեն, գազն ու ջուրը լուծեն», - ասում էին նրանք․ - «Ոստիկանությունը փոխանակ ինչ-որ ձևով ընդառաջի, հակառակը՝ հրահրում են, ձեռքները տանում են ատրճանակներին, անպատիվ խոսքեր ասում: Բնականաբար՝ երիտասարդները բորբոքվում են և սկսվում է բախումը»:

Կառավարության շենքից դուրս եկող արդարադատության նախարարը սարիթաղցիների հետ զրուցելու համար կանգ չառավ։ Քիչ անց ձերբակալվածների հարազատներին վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը հանդիպեց, նշեց, որ այս հարցում վարչապետն օգնել չի կարող ու խորհուրդ տվեց դատական գործընթացի ավարտին սպասել։

Եթե սարիթաղցիների մեղքն ապացուցվի, ապա նրանց 5-10 տարվա ազատազրկում է սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG